«Շատ զգուշորեն ասեմ»․ Ռազինը խոսել է Զավորոտնյուկի առողջական վիճակի մասին

Ռուս հայտնի երաժշտական պրոդյուսերի կարծիքով՝ ամենասարսափելի կանխատեսումները չեն իրականանում և դերասանուհու առողջական վիճակը լավանում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. «Լասկովի մայ» խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինը հայտնել է, որ Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակը լավանում է։ Նա գրել է դա Instagram-ի իր էջում։

 «Շատ զգուշորեն ու շատ նրբանկատորեն ասեմ, որ ամենասարսափելի կանխատեսումները չեն իրականանում, ու Նաստյայի վիճակը լավանում է։ Նա կարծես թե ապաքինվում է»,-գրել է Ռազինը։

Ռազինը նշել է, որ իր աղբյուրը (որը նախկինում շփվում էր Զավորոտնյուկի բժշկի հետ) դադարել է շփվել դերասանուհու շրջապատի հետ։

 «Սակայն դատելով ինձ հասած հաղորդագրություններից՝ Նաստյան իսկապես լավանում է։ Բոլորս աղոթում ենք, որ նրա առողջությունը վերականգնվի, ու նա հնարավորինս շուտ վերադառնա մեզ մոտ»,-ամփոփել է պրոդյուսերը։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Զավորոտնյուկի մոտ պոլիօրգան անբավարարություն և թոքաբորբ է զարգացել։ Նշվում էր նաև, որ բժիշկները դադարեցրել են կոմայի մեջ գտնվող դերասանուհու հակաուռուցքային բուժումը։ Սեպտեմբերի 13-ին հայտնի էր դարձել, որ դերասանուհին վերակենդանացման բաժանմունքում է` ծայրահեղ ծանր վիճակում։

«Զավորոտնյուկի մոտ հիվանդությունը հաղթահարելու վճռականություն կա»․ մանրամասներ

ԶԼՄ–ների տվյալներով`  48-ամյա դերասանուհին և նրա ամուսինը` գեղասահորդ Պյոտր Չերնիշևը, հիվանդության մասին իմացել են մոտ մեկ տարի առաջ` իրենց դստեր` Միլայի ծնվելուց հետո։ Ենթադրվում է, որ քաղցկեղային հիվանդությունը կարող էր արտամարմնային բեղմնավորման և ցողունային բջիջներով երիտասարդացման պրոցեդուրաների հետևանք լինել։

«Ոչ, դա սուտ է»․ Զավորոտնյուկի ընտանիքը պատերազմում է Mash-ի հետ

Հայտնում էին, որ դերասանուհին բուժում է ստացել Եվրոպայում, սակայն վերջերս Մոսկվա է վերադարձել։ Վերջին շրջանում «Իմ հրաշալի դայակը» սերիալի աստղը հազվադեպ էր ներկայանում հանրությանը, չեղարկել էր բոլոր ներկայացումները։ Նա նույնիսկ ներկա չի գտնվել իր ավագ դստեր խանութի բացմանը։

Զավորոտնյուկի հարազատները որևէ կերպ իրավիճակը չեն մեկնաբանում։ Չորս տարի առաջ քաղցկեղից մահացել էր Անաստասիայի հայրը։