ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը 2020 թվականին Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահի ընտրություններում առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։
Շուշիում այսօր կայացած «Ազատ հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարը միաձայն որոշվեց թեկնածու առաջադրել կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին:
Հարությունյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած դրական փոփոխություններն անպայման հասնելու են նաև Արցախ։
«Արդեն իսկ ունենք շոշափելի ցուցանիշներ։ Տեսնում ենք, թե ինչ քաղաքականություն է վարում Հայաստանի կառավարությունը և այդպես կլինի նաև Արցախում», - նշեց նա։
Ըստ Հարությունյանի՝ իրենց ծրագրերը, դիրքորոշումները չեն տարբերվում Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունից:
«Հող հանձնող իշխանություն Հայաստանում չկա, հակառակը` հող պահելու ցանկություն կա։ Ազատագրված տարածքների ու Արցախի զարգացման համատեղ ծրագիր ենք մշակելու հետագայում»,- ասաց նա :
Նա իր ելույթում անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը:
Փաշինյանը կուսակիցներին ասել է`ով է լինելու որոշողն Արցախի ընտրություններում. «Ժողովուրդ»
«Չնայած տարաբնույթ շահարկումներին, Հայաստանի իշխանությունների և մեր պատկերացումները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նույնական են: Արցախի ժողովրդի անվտանգությունը և կարգավիճակը մեր այն առաջնահերթություններն են, որոնց հետ կապված որևէ զիջման մասին խոսք անգամ չի կարող լինել»,– ասաց նա:
Ըստ Հարությունյանի՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման արդյունավետության լավագույն երաշխիքը կարող է դառնալ Արցախի վերադարձը բանակցային սեղան, առանց Արցախի լիարժեք մասնակցության հնարավոր չէ հասնել հիմնախնդրի կարգավորման, քանի որ այս հակամարտության հիմնական, գլխավոր կողմերից մեկը հենց Արցախի Հանրապետությունն է, իսկ հասցեատերը` Արցախի ժողովուրդը:
Նշենք, որ Արցախի Հանրապետությունում 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների հստակ ժամկետները դեռ հայտնի չեն: Հասարակության շրջանում արդեն ակտիվորեն քննարկվում են թեկնածուների անունները: Մամուլը գրել էր, որ Հայաստանի իշխանությունների ֆավորիտը Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն է, թեպետ ակնհայտ է` այս հարցում վարչապետ Փաշինյանի համակրանքը դեպի ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն է:
Ով ում հետ է հաց կիսել. Վիտալի Բալասանյանի հայտարարությունների շուրջ աղմուկը չի լռում