Փառատոն, որը 0-100 տարեկանների համար է. «Ռոլանը» տոնեց 15-րդ հոբելյանը

Փառատոնի մրցութային անվանակարգերում աշխատում էին պրոֆեսիոնալ և մանկապատանեկան ժյուրիները, նրանց կազմում ընդգրկված էին նաև մանկատներում ապրող երեխաներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Հայաստանում անցկացված «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի հոբելյանական 15-րդ միջազգային փառատոնի հաղթողների անուններն արդեն հայտնի են. «Գրան պրի» մրցանակին արժանացավ 2019 թվականին նկարահանված ռուսական «Դա հավերժ չէ» ֆիլմը, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթեցին «Գեյմերի կանոնները» (Բելառուս) և «Ոչխարներն և գայլերը. Խոզուկի պատմությունը» (Ռուսաստան) ֆիլմերը։ Հատուկ մրցանակի արժանացան ռեժիսոր Աննա Հարությունյանի «Անիկո» և ուկրաինացի ռեժիսոր Ելենա Կարետնիկի «Միայն հրաշքը» ֆիլմերը։

68 երկրից ստացած 1020 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել էին 210 ֆիլմ։ Այս տարի այն անցկացվեց նոյեմբերի 5-9–ը: Փառատոնային օրերի ընթացքում ֆիլմերը ցուցադրվեցին ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլև Արցախում և Հայաստանի 7 մարզերում:

Փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հպարտությամբ ու գոհունակությամբ պատմեց փառատոնի անցած 15-ամյա ճանապարհի մասին: Այս տարիների ընթացքում ունեցել են գրեթե 500 հազար մասնակից: «Ռոլանը» 0-100 տարեկանների համար է:

«Այսօր երջանիկ եմ, որ սա հայտնի փառատոն է, որի մասին բոլորը գիտեն»,- ասաց նա:

Փառատոն, որը 0-100 տարեկանների համար է. «Ռոլանը» տոնեց 15-րդ հոբելյանը

Փառատոնի շրջանակում տարբեր միջոցառումներ են անցկացվել՝ ցուցադրություններ, կլոր սեղաններ, վարպետության դասեր, ցուցահանդեսներ, համերգներ և այլն:

Ֆինանսավորել ենք ֆիլմի` չեմպիոնի մասը միայն. Փաշինյանը`«Մել» ֆիլմի մասին

«Սրա նպատակն է, որ բոլոր երեխաները, անկախ իրենց սոցիալական և ֆիզիկական կարգավիճակից, կարողանան փառատոնի մասնակիցը դառնալ: Այստեղ նաև սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաներ են, այստեղ բոլորն են: Այս փառատոնը մատչելի ու հասանելի է բոլորի համար»,- Sputnik Արմենիային ասաց Մանուկյանը:

Այս տարի փառատոնի հյուրերի թվում Հայաստան է ժամանել նաև հայտնի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ռոման Բալայանը:

«Առաջին անգամ եմ այս փառատոնին մասնակցում, իսկապես տպավորված եմ, հրաշալի է: Ցավում եմ, որ ավելի շուտ չեմ իմացել: Սա միայն Հայաստանի համար չէ, սա միջազգային հարթակ է, որտեղ ամենակարևորը երեխաների մասին հոգատարությունն է»,- ասաց Բալայանը՝ նշելով, որ նման փառատոները կարևոր են երեխաների ճիշտ դաստիարակության համար:

Փառատոն, որը 0-100 տարեկանների համար է. «Ռոլանը» տոնեց 15-րդ հոբելյանը

Փառատոնի մրցութային անվանակարգերում աշխատում էին պրոֆեսիոնալ և մանկապատանեկան ժյուրիները, նրանց կազմում ընդգրկված էին նաև մանկատներում ապրող երեխաներ:

Մարգարիտ Շահջանյանն ապրում է Գավառի մանկատանը, սովորում ավագ դպրոցի 11-րդ դասարանում: Սիրում է երգել, որոշել է դառնալ թարգմանչուհի և գիդ: «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի մասին իմացել է տարիներ առաջ, արդեն որերորդ անգամն է՝ ոչ միայն մասնակցում է, այլև արդեն առաջին տարին չէ, որ ժյուրիի իրենց թիմի նախագահն է: Նշում է, որ հաճույքով է մասնակցում փառատոնի բոլոր ծրագրերին:

«Այս ամենը հետաքրքիր է ցանկացած տարիքի համար, որովհետև այս ֆիլմերում և՛ երևակայություն կա, և՛ իրականություն»,- ասում է Մարգարիտը:

Փառատոն, որը 0-100 տարեկանների համար է. «Ռոլանը» տոնեց 15-րդ հոբելյանը

Հիշեցնենք, որ փառատոնը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության աջակցությամբ: Տարիներ շարունակ փառատոնը համագործակցում է Հունաստանի, Իտալիայի, Ուկրաինայի, Էստոնիայի, Վրաստանի, Իրանի, Բելառուսի, Ռուսաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Արգենտինայի, Լատվիայի, Լիտվայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Լեհաստանի, Հնդկաստանի, Կանադայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի միջազգային կինոփառատոների և կինոկազմակերպությունների հետ: 

Փառատոնի շրջանակներում իրականացվում են մշակութային, կրթական և սոցիալական ծրագրեր, տարեկան կինոդիտումների ավելի քան 15 000 անվճար տոմս է բաժանվում Երևանի և հարակից մարզերի դպրոցների երեխաներին: