Նիկոլ Փաշինյանը մի փոքր լարվել է Արցախի ճանապարհին. նա գրել է միջադեպի մասին

ՀՀ վարչապետը գրել է, որ լարվել է, երբ տեսել է ճամփեզրին կանգնած մարդուն, քանի որ մեքենայում իր հետ է եղել նաև փոքր դուստրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Այսօր Արցախի ճանապարհին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպ է եղել։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Հաթերք գյուղի մերձակայքում ճամփեզրին դեռ հեռվից մի մարդ նկատեցի, որը ձեռքին ինչ-որ բան պահած ակնհայտ սպասում էր իմ մեքենայի մոտենալուն: Չթաքցնեմ՝ մի պահ նույնիսկ լարվեցի. Արփին ինձ հետ էր մեքենայում ու նստած էր հենց այն կողմում, որ ճամփեզրի մարդն էր կանգնած»,– գրել է նա:

Փաշինյանի խոսքով` երբ մոտեցել են, անսպասելի բան է տեղի ունեցել. մարդը ջուր է լցրել վարչապետի ավտոմեքենայի հետևից։

«Ցավդ տանեմ, եղբայր. ես ո՞նց կարող եմ քեզ հուսախաբ անել: Մենք ո՞նց կարող ենք իրար հուսախաբ անել: Տարբերակ չկա»,– գրել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետն Instagram-ի իր էջում այսօր առավոտյան հայտնել էր, որ գնում է Արցախ։ Թեև նա ուղղակիորեն չէր հայտարարել Արցախ մեկնելու նպատակի մասին, բայց հայտնի է, որ այնտեղ է կազմակերպվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը։