Այ քեզ բան․ ֆեյք ստեղծող նոր ալգորիթմը գործարկվել է, Instagram-ի «լայքազրկումն» էլ` սկսվել

Instagram-ը կարծես թե վերջնականապես հրաժեշտ է տալիս «լայքերին», OpenAI-ն էլ ինքնուրույն ֆեյք նորություններ ստեղծող ալգորիթմ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik, Գոռ Մարգարյան․ Այս շաբաթ պարզվեց, որ մարդիկ արդեն հնարավորություն ունեն չխառնվել ֆեյք նորություններ ստեղծելու գործընթացին և որ դա իրենց փոխարեն կարող է անել արհեստական բանականությունը, պարզվեց նաև, որ iPhone-ի տեսախցիկն ամեն դեպքում ամենալավը չէ սմարթֆոնների մեջ։

Ֆեյք նորություն ստեղծող արհեստական բանականություն

Եթե հետևում եք իմ «այ քեզ բան» նորություններին, ուրեմն գիտեք, որ բազմաթիվ արհեստական բանականություններ են ստեղծվում, որոնք սկսել են իրենք իրենց խելքով փոխել աշխարհը։

Այ քեզ բան․ Facebook–ը «մերժում» է սմբուկն ու դեղձը, ամերիկացիները շեղում են սմարթֆոնից

Ինչպես բոլոր գիտական ձեռքբերումները, արհեստական ինտելեկտը նույնպես կարելի է օգտագործել և՛ բարի, և՛ ոչ այնքան բարի գործերի համար։

Ոչ կոմերցիոն OpenAI ընկերությունը, որը զբաղվում է արհեստական ինտելեկտների ստեղծմամբ, այս տարվա փետրվարին հայտարարեց, որ ստեղծել է մի ալգորիթմ, որը կարողանում է ինքնուրույն գրել ճշմարտանման ֆեյք նորություններ։ Բայց ծրագրավորողները որոշեցին, որ ալգորիթմը չափազանց վտանգավոր է կիրառման համար։

Նրանք պլանավորել էին տեխնոլոգիան կիրառել փուլ առ փուլ, որպեսզի հնարավոր լինի վերլուծել դրա պահվածքը։ Բայց մի քանի օր առաջ ընկերությունը հայտարարեց, որ ոչ մի խելամիտ պատճառաբանություն չի գտել, թե ինչու չի կարելի օգտագործել այդ արհեստական բանականությունը և թողարկեց ալգորիթմը։

Քանի որ ալգորիթմի մասնատված տարբերակները չեն հանգեցրել ֆեյք նորությունների լայնամասշտաբ տարածման, OpenAI-ն թողարկեց գործիքի ամբողջական տարբերակը։ Ընկերությունը հուսով է, որ տվյալ տարբերակը կօգնի հետազոտողներին ստեղծել ավելի կատարյալ արհեստական բանականություններ։

Մեզ միայն ֆեյք լուրեր գեներացնող արհեստական բանականությունն էր պակասում։ Խեղճ Ցուկերբերգը կոտորվեց ֆեյք լուրերի դեմ պայքարելով, տեսնես՝ ինչ վիճակում է հայտնվել այս նորությունն իմանալուց հետո։

iPhone 11 Pro-ի տեսախցիկն ամենալավը չէ

DxOMark հանրահայտ ընկերությունը, որը փորձարկում է սմարթֆոնների տեսախցիկներն ու աուդիո հնարավորությունները, վերջապես հասավ iPhone 11 Pro-ին։ Թեստավորեցին սմարթֆոնի տեսախցիկը և գնահատեցին։ Եվ գիտե՞ք՝ ինչ պարզվեց։

Այ քեզ բան․ սմարթֆոնն արդեն երկու տակ է ծալվում, չի «խեղդվում», իսկ 6G-ն «ճանապարհի՞ն» է

Պարզվեց, որ 12 մեգապիքսել հզորությամբ երեք տվիչներով տեսախցիկ ունեցող սմարթֆոնը որակյալ լուսանկարի համար ստանում է 117 բալ։ Փորձագետները առանձնացրել են Deep Fusion գործառույթը, որի շնորհիվ ֆոտոներն էլ ավելի հստակ են, բայց լույսի թեթև բացակայության պատճառով թերություններ են ի հայտ գալիս։

Տեսագրության համար սմարթֆոնը ստացել է 102 բալ։ Այս ցուցանիշով նա հավասար է Xiaomi Mi CC9 Pro սմարթֆոնին։ Իսկ սարքի ընդհանուր գնահատականը 117 բալ է, ինչի պատճառով բավական հեռու է առաջատարներից։ 121 բալով աղյուսակը գլխավորում են Huawei Mate 30 Pro և Xiaomi Mi CC9 Pro սմարթֆոնները։

Instagram-ը զրկում է ամերիկացիներին կյանքի իմաստից

Երևի կհիշեք, որ Instagram-ն ու Facebook-ը պատրաստվում են վերացնել like-երի հաշվիչը։ Այսինքն` որոշ ժամանակ անց, բացի ձեզնից, ոչ մեկը չի իմանալու, թե ձեր «գցած» կոնտենտը քանի like է հավաքել։

Այ քեզ բան. Facebook-ը ճակատագրեր է կապելու, սպորտային բրենդը` իր ժամացույցը, իսկ ծալվող սմարթֆոնը «թռցրել» են

Իսկ հիմա` նորությունը։ Facebook-ին պատկանող Instagram սոցցանցը մյուս շաբաթվանից սկսելու է անջատել like–երի հաշվիչները ԱՄՆ-ում բնակվող օգտատերերի համար։ Այս մասին հայտնում է endgadget-ը։

Հաշվիչների անջատումը ոչ թե միանգամից է լինելու, այլ փուլ առ փուլ։ Մինչ այս որոշմանը հանգելը այն փորձարկվել է մի քանի երկրներում, և հաշվիչների անջատումը ԱՄՆ-ում խոսում է այն մասին, որ թեստավորումը հաղթահարված է, և սա վերջնական փուլն է։

Ծրագրավորողների կարծիքով` առանց այս հաշվիչների Instagram-ը կնվազեցնի սոցիալական «ճնշումն» օգտատերերի վրա, և նրանց կյանքի հիմնական նպատակը կդադարի լինել «լայքերի» հետևից վազելը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում շաբաթվա ընթացքում այլ իրադարձություններ էլ են տեղի ունեցել, որոնց մասին մենք արդեն գրել ենք, այնպես որ խորհուրդ կտամ կարդալ ևս մի քանի լուր, որոնք չեն վրիպել մեր աչքից։

Facebook-ը ներկայացրել է իր նոր տարբերանշանը

Facebook–ն արդեն փորձարկում է ֆեյքերի դեմ պայքարող նոր «գործիքը»

Tesla–ի մեքենաները սկսել են ճանաչել կոները