Փաշինյանը շտապում է Արցախ. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքն է

ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Հաշվեքննիչ պալատի մամուլի խոսնակ Մանե Մինասյանի պսակադրությունը տեղի կունենա Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանն Instagram-ի իր էջում դստեր՝ 4-ամյա Արփիի հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Գնում ենք Արցախ»:

Թեպետ վարչապետն ուղղակիորեն չի հայտարարել Արցախ մեկնելու նպատակի մասին, բայց սոցցանցերը հեղեղված են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքի մասին լուրերով: Նշենք, որ Արմեն Գրիգորյանը ծնունդով Արցախից է, Մարտունի քաղաքից:

Գրիգորյանի հարսնացուն ՀՀ Հաշվեքննիչ պալատի մամուլի խոսնակն է՝ 27-ամյա Մանե Մինասյանը: Հայտնի է, որ նա ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի զարմուհին է:

Նշենք, որ ԱԽ քարտուղարի հարսնացուի մասին լրատվամիջոցները սկսեցին գրել ամիսներ առաջ, երբ նրանք միասին մասնակցում էին Սոս Ավետիսյանի հարսանեկան արարողությանը:

Սոցցանցերում և ԶԼՄ-ներում տարածված լուրերի համաձայն՝ Արմեն Գրիգորյանի և Մանե Մինասյանի հարսանիքին հրավիրված է հայաստանյան և արցախյան քաղաքական էլիտան, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և այլք: