ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի-Sputnik. Նոյեմբերի 8-ին, ժամը 18:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի հուշահամալիր տանող ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արաքս-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Nissan Primera» ավտոմեքենան (վարորդ՝ 39-ամյա Էդուարդ Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Պատահարի հետևանքով ուղևորը (ինքնությունը չի հաջողվել պարզել) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: