ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիի հետ և առաջարկել է փրկարարական ուժեր գործուղել աղետի գոտի, ինչպես նաև ցուցաբերել այլ անհրաժեշտ օժանդակություն: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարը խնդրել է նաև իր ցավակցության ու մխիթարանքի խոսքերը փոխանցել բարեկամ Իրանի ժողովրդին, զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին Իրանի Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ տեղի է ունեցել 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Եթե Երևանում 9 բալանոց երկրաշարժ լինի, քանի շենք կանգուն կմնա
Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց Ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:
Շիրակում երկրաշարժի ահը սրտում 114 վթարային շենք կա. դասեր չե՞նք քաղում անցյալից