Ֆինանսավորել ենք ֆիլմի` չեմպիոնի մասը միայն. Փաշինյանը`«Մել» ֆիլմի մասին

ՀՀ վարչապետը բողոքի ակցիա իրականացնողներին ասաց, որ ինքն անձամբ խնդիր է դրել, որ այսուհետ հայ թագավորների մասին ֆիլմեր նկարվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. ԿԳՄՍ նախարարությունը ֆինանսավորել է ֆիլմ մի մարդու մասին, որը Եվրոպայի եռակի չեմպիոն է, որի շնորհիվ 3 անգամ Հայաստանի դրոշը բարձրացել է, հնչել է մեր հիմնը։ Այս մասին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարության առաջ նստացույց անող երիտասարդների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով աղմուկ հանած «Մել» ֆիլմի համար նախարարության տրամադրած գումարին։

Կո՞ղմ, թե՞ դեմ. «Մել» վավերագրական ֆիլմի շուրջ կրքերը չեն հանդարտվում

Նշենք, որ «Մել» ֆիլմը ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի, նրա վերելքների և վայրէջքների մասին է։ Ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանելու նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը և այն, թե արտաքին ու ներքին ազդեցությունների տակ ինչպես են փոխվում Մելի ու Ծաղիկի (պայմանական անուն) փոխհարաբերությունները։ «Մելը» 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:

Բողոքող երիտասարդները հիշեցրին, որ այդ մարդը, որի մասին խոսում եք (Մելինե (Մել) Դալուզյան), հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, ինչին ի պատասխան վարչապետը նշեց, որ, ցավոք, շատ մարդիկ են հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից։

«Չեմ կիսում ձեր մտահոգությունները». Փաշինյանը հանդիպեց նստացույց անող երիտասարդներին

Բողոքի ակցիա իրականացնող ՀՅԴ երիտասարդները վարչապետին հիշեցրին նաև, որ ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանն ասել էր, որ ֆիլմն առաջին հերթին Մելինե Դալուզյանի սեռափոխության, Հայաստանում հանդիպած նրա դժվարությունների և նրա սիրո մասին է, ինչին վարչապետը պատասխանեց. «Եթե այսուհետ ֆիլմ նկարելու կամ ցույց անելու համար մարդկանցից պետք է տեղեկանք ուզենք նրանց կյանքի ինչ-որ հատվածների մասին, եկեք օրենք ընդունենք, այդպես անենք։ Իմ դիտարկմամբ ֆիլմը մարդու մասին է, մենք ֆինանսավորել ենք այն հատվածը, որը պատմում է մեր չեմպիոնի մասին»,–ասաց վարչապետը։

Սատանիզմի հիմքով համերգներն այլևս չեն չեղարկվի. նախարարը` ազատ արվեստի և «Մել» ֆիլմի մասին

Փաշինյանը հավելեց, որ ինքն անձամբ խնդիր է դրել, որ այսուհետ հայ թագավորների մասին ֆիլմեր նկարվեն։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիան մեկնարկել է նոյեմբերի 7–ի առավոտից, ապա վերածվել նստացույցի։ Նոյեմբերի 6-ին ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները վաղ առավոտից դասադուլ հայտարարեցին` բողոքելով աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծից, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։

ՀՅԴ երիտասարդներն ու նրանց միացած ուսանողներն նոյեմբորի 6–ին դատարկ արկղեր տարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մուտքի մոտ` ասելով, որ բերել են, որպեսզի Արայիկ Հարությունյանը հրաժարական տալուց հետո իր իրերը դասավորի այդ արկղերում։ Արկղերը դատարկ էին, բայց դրանց վրա տարբեր գրություններ կային` «պատվով հեռացիր», «նվերներ», «ապազգային դրամաշնորհներ», «հագուստ» և այլն։

«5 րոպե Դուլյանի հետ». Ինչու է աղմկում ուսանողը

Հարությունյանն էլ նոյեմբերի 7–ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Իր հրաժարականի պահանջով հանդես եկող ՀՅԴ–ին էլ խորհուրդ տվեց փոխել իրենց ղեկավարներին։