Վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման համար կարիք չի լինի մեկնել ՀՀ–ից. նոր կենտրոն է բացվել

«Էրեբունի» ԲԿ–ում բացված նոր կենտրոնում ուռուցքների ախտորոշման արժեքը մոտ 40 000 դրամ կկազմի։ Բուժումն էլ ավելի մատչելի կլինի, քան տարածաշրջանի երկրներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Վահանաձև գեղձի չարորակ ուռուցքների ախտորոշման ու բուժման համար այլևս կարիք չի լինի Հայաստանից մեկնել, քանի որ «Էրեբունի» ԲԿ–ում ստեղծվել է նոր` Միջուկային բժշկության եվրոպական կենտրոն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց միջուկային բժշկության մասնագետ Նատալյա Շենգելիա-դե Լանգեն, որն էլ ղեկավարելու է կենտրոնի աշխատանքները։

Վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման համար կարիք չի լինի մեկնել ՀՀ–ից. նոր կենտրոն է բացվել

Ի դեպ, այսօր տեղի ունեցավ կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Տարեկան Հայաստանից 200 մարդ էր գալիս Վրաստան` վահանաձև գեղձի չարորակ ուռուցքների բուժման համար, իսկ այս կենտրոնը հնարավորություն կտա նույն բուժումը ստանալ տեղում։ Ախտորոշման համար կենտրոնն ունի անհրաժեշտ բոլոր սարքավորումները, այդ թվում` գերմանական հայտնի ընկերություններից մեկի արտադրության Գամմա խցիկով SPECT սարք»,–ասաց նա։

Վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման համար կարիք չի լինի մեկնել ՀՀ–ից. նոր կենտրոն է բացվել

Նրա խոսքով` այդ սարքի միջոցով հնարավոր է ախտորոշել նաև մյուս օրգանների ուռուցքային հիվանդությունները։ Անդրադառնալով բուժմանը` մասնագետը հայտնեց, որ բուժումն իրականացվելու է ռոդիոակտիվ յոդի միջոցով։

Շենգելիա-դե Լանգեն նշեց նաև, որ կենտրոնում աշխատող բոլոր մասնագետները վերապատրաստվել են։ Ըստ նրա` կենտրոնում կան բոլոր հնարավոր միջոցները, որոնք թույլ կտան բժիշկներին ու ֆիզիկոսներին համատեղ աշխատել` այցելուի համար ամենաբարձր որակի թերապիա ապահովելու համար։

Վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման համար կարիք չի լինի մեկնել ՀՀ–ից. նոր կենտրոն է բացվել

«Էրեբունի» ԲԿ–ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն էլ հայտնեց, որ կենտրոնի կառուցման համար 600 մլն դրամից ավել ներդրում է արվել։ Կենտրոնը ստեղծվել է միայն հիվանդանոցի սեփականատերերի միջոցներով։

Նրա խոսքով` Հայաստանում տարեկան վահանաձև գեղձի չարորակ ուռուցքների 200  նոր դեպք է հայտնաբերվում ու այդքան մարդ ստիպված է լինում մեկնել` դրսում բուժում ստանալու։

«Կենտրոնը կառուցվել է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան, անգամ շինարարությունը սովորական չէ։ Օրինակ` 70 տոննա արճիճ ենք օգտագործել պատերի կառուցման համար լուծելով տարածքի` ռադիոակտիվ նյութերից անվտանգության հարցը»,–ասաց նա։

Վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման համար կարիք չի լինի մեկնել ՀՀ–ից. նոր կենտրոն է բացվել

Կենտրոնում, ի դեպ, հետազոտություններն իրականացվելու են իզոտոպների միջոցով, որը ներմուծվելու է եվրոպական ընկերություններից մեկից։ Մանուկյանը հույս հայտնեց, որ մեր ֆիզիկոսներն առաջիկայում իզոտոպներ կստեղծեն, ու կարիք չի լինի դրանք դրսից բերել։

Իսկ թե որքա՞ն կարժենան կենտրոնում բուժման ծախսերը` դեռ հաշվարկ են անում, սակայն կենտրոնի տնօրինությունը վստահեցնում է` այն ավելի մատչելի կլինի, քան տարածաշրջանի երկրներում բուժվելը։ Հետազոտության արժեքը, ըստ Մանուկյանի, 40 000 դրամի շրջանակում կլինի։

Մանուկյանը հայտնեց նաև, որ բանակցում են այն ընկերության հետ, որից իզոտոպներ են գնում, որպեսզի յոդաթերապիայի ուրիշ դեղեր էլ գնեն, որոնք քաղցկեղի այլ տեսակների բուժման համար են, օրինակ` արգանդի քաղցկեղի։