ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 7-ի, լույս 8-ի գիշերը Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքի մերձակայքում գրանցված երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 հոգու: Իրանական Press TV հեռուստաընկերության տվյալներով ՝ տուժել է ավելի քան 120 մարդ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ: Այն գրանցվել է Թավրիզից 156 կմ հարավ-արևելք: Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի ճգնաժամային կենտրոնի ղեկավար Մուհամմադ Բեյքեր Հոնարը հայտնել է, որ աղետի գոտի մեկնել փրկարարների ութ հաշվարկ:
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հաղորդում էին չորս զոհի և 70 տուժածի մասին:
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց Ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ: