Սատկել է «աստղային այծ» Թիմուրը` Ամուր վագրի ընկերը

Թիմուր այծը հայտնի է դարձել, երբ ընկերացել է Ամուր վագրի հետ, երբ նրան բերել էին գիշատչի կերը դառնալու համար։ Օգտատերերն անկեղծորեն վշտացել են հանրության սիրելիի «մահվան» առիթով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Համացանցում հայտնի Թիմուր այծը, որը «ճանաչում գտավ» Ամուր վագրի հետ ընկերության ֆոնին, սատկել է։ Այդ մասին հաղորդում է Պրիմորիեի սաֆարի այգու կայքը։

Նշվում է, որ այծի մասին հոգ են տարել նրա անձնական բժիշկ Դանիիլը և սաֆարի այգու ևս երկու բժիշկներ։

«Թիմուրի աճյունով սափորը հողին կհանձնվի։ Հետագայում այդ տեղում կտեղադրվի Թիմուրի բրոնզե քանդակը», – նշվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ Թիմուր այծը հայտնի է դարձել համացանցում, քանի որ 2015թ–ի նոյեմբերին ընկերացել է Ամուր վագրի հետ, երբ նրան բերել էին` գիշատչին կեր դառնալու։ Սակայն այդ ընկերությունը երկար չի տևել. 2016թ–ի հունվարին վագրը հարձակվել է Թիմուրի վրա այն բանից հետո, երբ «ընկերը» փորձել է պոզահարել նրան։ Արդյունքում` Թիմուրին տեղափոխել են առանձին վանդակ։