«Արայիկ Հարությունյանը ենթակա է քրեական պատասխանատվության». Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանը հանցագործության մասին հայտարարություն է արել` նախարար Հարությունյանին առաջարկելով ընտրել Քրեական օրենսգրքի` իր համար առավել ընդունելի հոդվածը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Արայիկ Հարությունյանը ենթակա է պատասխանատվության` Քրեական օրենսգրքով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, նախկին նախարար Արծվիկ Մինասյանը` պատասխանելով ԿԳՄՍ նախարարի նախօրեին հնչեցրած այն հայտարարությանը, թե իր հրաժարականը պահանջող երիտասարդների բերած դատարկ արկղերը լցնելու է ՀՅԴ անդամների  նկատմամբ քրեական գործերով։

«Չեմ կիսում ձեր մտահոգությունները». Փաշինյանը հանդիպեց նստացույց անող երիտասարդներին

«Առնվազն երկու հոդված այստեղ կա. սուտ մատնության հոդվածն է, երբ մարդը հանցագործության մասին գիտակցված սուտ մատնություն է անում կամ հանցագործություն է պարտակում, երբ ծանր հանցագործության թեման, գործիքը, փաստերը քողարկվում են։ Հակառակ դեպքում Արայիկ Հարությունյանի արտահայտած սպառնալիքներն ունեն մեկ նպատակ` քաղաքական շանտաժի միջոցով փորձել իբր իրավական մեղադրանքների տարափ տեղալ»,– ասաց Մինասյանը` նախարար Հարությունյանին առաջարկելով ընտրել Քրեական օրենսգրքի` իր համար առավել ընդունելի հոդվածը։

ՔԿ–ն Արծվիկ Մինասյանին հարցաքննության հրավիրելու առնչությամբ պարզաբանում է տարածել

Նրա խոսքով` այս ամենը վկայում է, որ ԿԳ ոլորտը վստահվել է անպատասխանատու անձի։

«Խելացի իշխանությունը երիտասարդների այսպիսի ընդվզումներն ընդունում է որպես ազդակ։ Երիտասարդների պոռթկումները հասկանում է որպես երիտասարդության շնչառություն։ Այսինքն` կարող ենք արձանագրել նաև, որ այս իշխանությունը խելացի էլ չէ»,– ասաց Մինասյանը։

Ի դեպ, ՀՅԴ ԳՄ անդամը պնդեց, որ նախարարի հրաժարականը պահանջողները միայն կուսակցական երիտասարդներ չեն, կան նաև անկուսակցական ուսանողներ, դասախոսներ, ՀՀ մտավորականներ։

Հիշեցնենք`  նոյեմբերի 6-ին ԿԳՄՍ նախարարության մուտքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց հետ դատարկ արկղեր էին բերել, որոնք թողեցին մուտքի մոտ` ասելով, որ բերել են, որպեսզի Արայիկ Հարությունյանը դրանցում դասավորի իր իրերը` հրաժարական տալուց հետո։

ՀՅԴ–ն կառավարության ծրագրում նկատել է Լևոն Տեր–Պետրոսյանի հայտնի սկզբունքը

Արկղերը դատարկ էին, բայց դրանց վրա տարբեր գրություններ կային. «պատվով հեռացիր», «նվերներ», «ապազգային դրամաշնորհներ», «հագուստ» և այլն։

Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հերթական ակցիան նոյեմբերի 7-ին ավարտվեց նախարարության շենքի դիմաց մեկնարկած նստացույցով, որն այս պահին էլ շարունակվում է։

Այսօր` նոյեմբերի 8-ին նստացույցի մասնակիցների հետ հանդիպել ու նրանց բողոքները լսել  են նախարար Հարությունյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։