Փորձ է արվում քաղաքականացնել ֆուտբոլը. Red Eagles–ը քննադատել է նախարարի հայտարարությունը

Ֆան ակումբի անդամները խոստանում են, ֆուտբոլի քաղաքականացման շարունակման դեպքում, ստիպված են լինելու անձամբ զբաղվել ֆուտբոլի ապաքաղաքականացմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի արած հայտարարությունը քաղաքական ազդեցություն գործադրելու փորձ է։

Այս մասին ասված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Red Eagles ֆան ակումբի հայտարարության մեջ, որտեղ ֆան ակումբն անդրադարձել է առողջապահության նախարար, ՀՖՖ գործկոմի անդամ Արսեն Թորոսյանի երեկվա գրառմանը՝ հավաքականի նոր մարզչի նշանակման կապակցությամբ։

Հայտնի է` ինչով է զբաղվելու Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում

Հիշեցնենք, որ հավաքականի մարզիչի նշանակումից հետո Արսեն Թորոսյանը գրել էր, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հավաքականի մարզչի նշանակմամբ խախտել է ֆեդերացիայի կանոնադրությունը,

Որովհետև գործող կանոնադրությամբ այն վերապահված է գործկոմին։

«Հետևելով հայկական ֆուտբոլում տեղի ունեցող գործընթացներին, արատավոր դրսևորումներին և բացասական զարգացումներին`ուզում ենք նշել, որ փորձ է արվում քաղաքականացնել ֆուտբոլը։ Մասնավորապես, ՀՖՖ գործկոմի անդամ, քաղաքական պաշտոն զբաղեցնող, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի երեկ արված հայտարարությունը որակում ենք ոչ այլ ինչ, քան քաղաքական ազդեցություն գործադրելու փորձ։

Մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի, կամ ի՞նչ պետք է չլինի հայկական ֆուտբոլում

Պետք է ընդգծել, որ անկախ Red Eagles ֆան շարժման և ՀՖՖ-ի միջև առկա տարաձայնություններից և խնդիրներից, անթույլատրելի ենք համարում ֆուտբոլի քաղաքականացման ցանկացած փորձ` կոչ անելով տուրք չտալ «գայթակղություններին», պահպանել կոռեկտություն և չեզոքություն, ցուցաբերել պրոֆեսիոնալիզմ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ֆուտբոլի քաղաքականացման շարունակման դեպքում, երկրպագուներս ստիպված ենք լինելու անձամբ զբաղվել ֆուտբոլի ապաքաղաքականացմամբ»։

Հիշեցնենք, որ երեկ` նոյեմբերի 6–ին, ՀՖՖ–ն հայտարարեց, որ Արթուր Վանեցյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակել Աբրահամ Խաշմանյանին։