Ինքնությունը ճշտվել է. ոստիկանությունը` Արմավիրում հնչած կրակոցների դեպքի մասին

«Թալին» ջրօգտագործողների ընկերության վարչական շենքի տարածքի զննությամբ հայտնաբերվել է որսորդական հրացանի կրակված փամփուշտի մասեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ջրօգտագործողների ընկերության վարչական շենքի դիմաց կատարված միջադեպի մասնակիցների ինքնությունը ճշտվել է։ Այս մասին հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Թալինի» գրասենյակ են մտել ու կրակոցներ արձակել ԵԿՄ անդամներ Սափեյան եղբայրները, քանի որ նրանց ու գրասենյակի աշխատակիցների միջև ինչ-որ հարցի շուրջ տարաձայնություն է եղել։

ՔԿ–ն Արծվիկ Մինասյանին հարցաքննության հրավիրելու առնչությամբ պարզաբանում է տարածել

«Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելով, որ մի քանի անձի միջև վեճ է տեղի ունեցել, և, ըստ նախնական տեղեկությունների` մասնակիցներից մեկը հրացանով կրակոցներ է արձակել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է որսորդական հրացանի կրակված փամփուշտի մասեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախնական տվյալներով` միջադեպի հետևանքով որևէ անձ չի տուժել։ Դեպքի վերաբերյալ ոստիկանություն ստացվել է նաև հաղորդում։ Ոստիկանության Բաղրամյանի բաժնում նախապատրաստվում են նյութեր։

Ոստիկանությունը վստահեցնում է, որ տիրապետում է օպերատիվ իրավիճակին և ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ: