ԵՐԵՎԱՆ, նոյեմբերի 7 — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանը հիանալի ընտրություն է կատարել` որոշելով Ռուսաստանից գնել ՍՈւ-30 ՍՄ կործանիչներ։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևը։ Մենք զրուցեցինք Ռուսաստանի հերոս գեներալ–գնդապետի հետ հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի կուլուարներում, որի անդամ է Բոնդարևը։
«Սու-30 ՍՄ–ները հիանալի ինքնաթիռներ են։ Դրանք կատարում են ինչպես օդային, այնպես էլ ցամաքային թիրախներին հարվածներ հասցնելու իրենց գործառույթներ։ Լինելով աշխարհի լավագույն ավիացիոն սպառազինություններից մեկը`դրանք լուծում են խնդիրների մի ամբողջ համալիր», – նշեց Բոնդարևը։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հաղորդել է, որ Ռուսաստանից գնած Սու-30 ՍՄ կործանիչները Հայաստան կհասնեն 2020թ.–ի հունվար–փետրվար ամիսներին։ Հայտնի է նաև, որ հետագայում Հայաստանը մտադիր է ձեռք բերել ևս մի քանի նման մեքենաներ։
ՀՀ ԶՈւ համալրման հայ–ռուսական նոր գործարք. զենքի մասին չեն խոսելու, այն կցուցադրեն
Դրա հետ կապված` Բոնդարևը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը բավական ամուր հիմքեր և երկար պատմություն ունի։
«Ռուսաստանում վերապատրաստում են անցնում բազմաթիվ հայ զինծառայողներ։ Ի դեպ, ռուսական բուհերում սովորում են հայկական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Ամբողջ տեխնիկան, որը պաշտպանում է Հայաստանի երկինքը և սահմանը, ռուսական է», – ասաց նա։
Մեկնաբանելով Գյումրու 102–րդ ռազմաբազայի մարտական հնարավորությունները կրկնապատկելու որոշումը` Բոնդարևը հայտարարեց, որ դա կապված է տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակի հետ։
«Գյումրու ռազմաբազան և Էրեբունու ավիաբազան ծառայում են Հայաստանի պաշտպանությունն ամրապնդելուն։ Այս տարածաշրջանում իրավիճակը բավական լարված է։ Կարծում եմ, որ պաշտպանության նախարար Շոյգուի այս որոշումը շատ ճիշտ է։ Դա համապատասխանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի շահերին», – հավելեց մեր զրուցակիցը։
Օրվա կադր. Հայաստանի պաշտպանության նախարարը ձեռքն է վերցրել Սու-30–ը
Պատասխանելով հարցին, թե հնարավոր է լրացուցիչ կործանիչներով ռուսական ավիաբազայի ուժեղացում, Բոնդարևն ասաց, որ դա կախված է հայկական կողմ ցանկությունից։ Նա համոզված է, որ «Էրեբունիում» գտնվող ՄիԳ–29 կործանիչները հաջողությամբ կատարում են իրենց առջև դրված խնդիրները։ Դրանց շահագործման ժամկետը դեռ չի լրացել, դեռ երկար կարող են ծառայել։