Առողջապահության նախարարությունը դեմ է ՊՆ–ի առաջարկած զորակոչային բժշկական հանձնաժողովին

Ձմեռային զորակոչը շուտով կսկսվի, իսկ նախարարությունները դեռ համաձայնության չեն եկել, թե ով է պատասխանատու զորակոչիկների առողջական վիճակի գնահատման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. 2019 թվականի ձմեռային զորակոչը Հայաստանում կմեկնարկի 2019թ–ի դեկտեմբերի 16-ից, իսկ նախապատրաստական աշխատանքները` նոյեմբերի 14-ից։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

Նա հայտնեց, որ զորակոչային կենտրոնական հանձնաժողովի և կենտրոնական բժշկական հանձնաժողովների կազմերը հաստատվել են նախարարությունում։

«Մենք առաջարկել ենք և շնորհակալ ենք Առողջապահության նախարարության գործընկերներին և իրենց համաձայնությունն ունենք, որ ի տարբերություն մնացած զորակոչերի, այս տարի բժշկական հանձնաժողովը նախագահելու է ոչ թե զինվորական կոմիսարը, այլ առողջապահության նախարարի տեղակալը»,– ասաց Գաբրիելյանը։

Կառավարության նիստին ներկա առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, սակայն, հակադարձեց, որ նախարարությունն այդ հանձնաժողովի անդամների վերաբերյալ որոշ վերապահումներ ունի։

Կառավարությունը նոր հավելավճարներ է սահմանում պետական որոշ ծառայողների համար

«Բանավոր քննարկումների ժամանակ քննարկված կազմը չի համապատասխանում նրան, ինչ նախագծի մեջ է ներառված։ Մենք պնդում ենք, որ այս կազմի վերաբերյալ լուրջ մտահոգություն ունենք, և չենք պատրաստվում մեր համաձայնությունը տալ այս կազմին»,– ասաց նա։

Նիստը վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց խնդիրը լուծել երկու գերատեսչությունների միջև, իսկ մինչ այդ ընդունել զորակոչի մասին նախագիծը` առանց բժշկական հանձնաժողովի մասին կետի։

Արդյունքում որոշումն ընդունվեց` համաձայնեցված վերապահումով։

ՀՀ ՊՆ «թեժ գիծ». ի՞նչն է ամենից շատ մտահոգում զորակոչիկների ծնողներին

Նշենք, որ կառավարության նիստում ներկայացված նախագծով, հանձրաժողովի նախագահի առաջարկված թեկնածուն Առողջապահության նախարարի տեղակալ Հակոբ Հակոբյանն է, հանձնաժողովի նախագահի տեղակալը` բժիշկ Գարիկ Սարգսյանը, Առողջապահության նախարարության ներկայացուցիչը` Հովիկ Բալյանը։

Հանձնաժողովում ներառված են նաև 2 թերապևտ, 2 սրտաբան, 1–ական նյարդաբան ու մաշկաբան, 2 վիրաբույժ, 2 վնասվածքաբան, 2 ակնաբույժ և 2 հոգեբույժ։