Սանկտ Պետերբուրգում վերելակի հորանն ընկած հայերի վիճակը ծանր է. դեսպանություն

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապ է պահպանում բուժհաստատությունների հետ և կտեղեկացնի տուժածների վիճակի փոփոխությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Սանկտ Պետերբուրգի թիվ 18 ծննդատան վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայազգի անձինք (Գ․Հ. և Ա․Կ․) շարունակում են գտնվել Ալեքսանդրովի քաղաքային հիվանդանոցում և Ջանելիձեի անվան շտապ օգնության ԳՀԻ-ում։ Տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր․ նրանք ունեն բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներ, ներքին օրգանների վնասվածքներ: Այս մասին հաղորդում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը` Facebook–ի իր էջում։

Միջադեպ Պետերբուրգում. երկու հայ ընկել են վերելակի հորանը

Հաղորագրության մեջ նշվում է, որ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ է պահպանում բուժհաստատությունների հետ։

Արծվաբերդի ձեռնոցի գործարանի 19-ամյա աշխատակիցն ընկել է վերելակի հորանը

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ի երեկոյան Պետերբուրգի Նևսկի շրջանի ծննդատանը, նախնական վարկածով, մոնտաժի ժամանակ ճոպանը կտրվել է, վերելակը պոկվել և ընկել է չորրորդ հարկից, տուժել են 2 հայ, որոնցից մեկը 28, մյուսը` 35 տարեկան է։ Նրանց բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել։ 28 տարեկան երիտասարդը շոկային վիճակում է, նա վերակենդանացման բաժանմունքում է։

Պետերբուրգի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` շինարարական աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնների խախտման հոդվածով։