ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik.Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Instagram-ում լուսանկար է հրապարակել մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ։
Լուսանկարին կից Վանեցյանը որևէ մեկնաբանություն չի գրել։ Լուսանկարը, սակայն, մեծ իրարանցում է առաջացրել սոցցանցերում, քանի որ շատերի մոտ հարց է առաջանում` Խաշմանյա՞նն է նշանակվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ։
Վանեցյանի խորհրդական Զոհրաբ Եգանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում տվել է այս հարցի պատասխանը։
«Հայաստանի ազգային հավաքականը կգլխավոր Աբրահամ Խաշմանյանը։ Հաջողություն մաղթենք մեր մարզչին»,– գրել է նա։
Ֆուտբոլի ֆեդերացիան էլ հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը:
«Նախապատվություն եմ տվել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին: Հաջողություն եմ մաղթում նրան: 2019 թ. ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի քանի տպավորիչ հաղթանակ: Հուսով եմ, որ նոր մարզչի գլխավորությամբ մեր թիմը կրկին կուրախացնի երկրպագուներին»,– ասել է Արթուր Վանեցյանը:
Խաշմանյանը ծնվել է 1967 թվականին։ Մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է հետևյալ թիմերը` «Կիլիկիա» (2008-2010), «Գանձասար» (2010-2012), «Արարատ» (2012-2014, 2018-2019), Հայաստանի Մ-19 հավաքական (2013), Հայաստանի Մ-21 հավաքական (2013-2014), «Ալաշկերտ» (2014-2017, 2017-2018, 2019)։
Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 18-ին։ Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի հոկտեմբերին։ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Նրա հրաժարականին նախորդել էր հոկտեմբերի 15-ին կայացած Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումը Ֆինլանդիայի ընտրանու հետ, որն ավարտվել էր մեր պարտությամբ` 0:3 հաշվով:
Օրերս տեղեկություն էր տարածվել, որ հավաքականի գլխավոր մարզիչ կնշանակվի Ալեքսանդր Գրիգորյանը։
«Մասիսի» ներկայացուցիչն ու ֆուտբոլիստը կաշառք են վերցրել և վնաս հասցրել բուքմեյքերներին