ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Դավթաշենի նախկին թաղապետը, որը պաշտոնավարել է 2012-2018թթ–ին 9 մլն դրամ է հափշտակել։ Այս մասին նշվում է ՀՀ ոստիկանության հրապարակած հաղորդագրության մեջ։
Նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ թաղապետը` հանդիսանալով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և փաստացի տնօրինելով հիմնադրամի ֆինանսական միջոցները, համաձայնության է եկել վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարի ու հիմնադրամի տնօրենի հետ, համայնքապետարանի տարբեր աշխատակիցների ու համայնքի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմել ու ստորագրել է կեղծ փաստաթղթեր։ Դրանցով 2012- 2014 թթ–ին հիմնադրամից հափշտակվել է 9 մլն դրամ։
Մաքսայինի նախկին պետի հյուրանոցն աճուրդի կհանվի. մեկնարկային գինն արդեն սահմանված է
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե` նախաքննության։
Ոստիկանությունը չի բացահայտում նախկին թաղապետի ինքնությունը, հայտնի է, սակայն, որ այդ տարիներին Դավթաշենի թաղապետ է եղել Ռուսլան Բաղդասարյանը, որը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի`«Ծաղիկ Ռուբոյի» քրոջ որդին է։