ՌԱԴԻՈ

Վարդանյան. «Իրանի ու ԱՄՆ-ի միջև հռետորաբանական ճակատամարտեր էլի կլինեն»

Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Իրանի նախագահի հայտարարությանը, ըստ որի՝ նոյեմբերի 6-ից մեկնարկելու է 2015 թվականին կնքված միջուկային գործարքի պարտավորությունների կրճատման չորրորդ փուլը։
Sputnik
Վարդանյան. «Իրանի ու ԱՄՆ-ի միջև հռետորաբանական ճակատամարտեր էլի կլինեն»

Երբ ԱՄՆ-ն միակողմանիորեն լքեց միջուկային համաձայնագիրը, Իրանն այդ օրից սկսած հայտարարում էր, թե հույս է կապում համաձայնագրի մյուս կողմերի՝ Եվրամիության երկրների հետ՝ փորձելով գնդակը նետել Եվրոպայի դաշտ և հույսը դնել Եվրոպայի վրա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը։

«Մեր դիվանագետներին հաջողվել է շատ կարևոր հաղթանակ տանել». ԱՄՆ-Իրան հարաբերություններն ու Հայաստանը

«Թրամփը ցույց տվեց, որ այդպես չէ, ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ, որն իր հերթին հայտարարեց, որ նույնպես հետզհետե դուրս է գալու համաձայնագրով սահմանված պարտավորություններից, և դա անելու է փուլ առ փուլ: ԱՄՆ-ի՝ միջուկային համաձայնագիրը միակողմանիորեն լքելուց մեկ տարի անց, այսինքն` այս տարվա մայիսի ութին, Իրանը հայտարարեց, որ նման շարունակության դեպքում ինքը ևս կլքի Համաձայնագիրը, բայց փուլ առ փուլ, և տվեց որոշակի ժամանակ, հետևաբար Իրանի հայտարարած և գործարքին առնչվող պարտավորությունների կրճատման չորրորդ փուլի մեկնարկը չենք կարող ասել չնախատեսված»,- նշեց նա:

Վարդանյանի  խոսքով` ավելին, Իրանի քայլ քառ քայլ դուրս գալը կատարվում է ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո և ուրանի հարստացման հետ կապված ցանկացած գործողություն կամ միջուկային օբյեկտների վերագործարկում նույնպես կատարվում է այդ միջազգային կառույցի վերահսկողությամբ:

Իրանի գլխավոր շտաբը նախազգուշացրել է` ԱՄՆ «արկածախնդրություններին» կոշտ են պատասխանելու

Իրանագետի հաղորդմամբ՝ Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած համագործակցության ու եթե անգամ չլինի որևէ երկխոսություն, ապա չի պատրաստվում ստեղծել միջուկային զենք, այլ ցանկանում է միջուկային էներգիան օգտագործել խաղաղ նպատակներով: 

«Իրանի նախատեսած միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման չորրորդ փուլը կարող է լարվածություն առաջացնել Իրանի ու ԱՄՆ-ի միջև, որի հետևանքով կրկին կլինեն հռետորաբանական ճակատամարտեր, բայց ոչ ավելին»,- ընդգծեց Վարդանյանը: 

Դոնալդ Թրամփը չի բացառում, որ ԱՄՆ–ն «ներքաշվի» Իրանի դեմ պատերազմի մեջ

Հիշեցնենք, Ռոհանիի հայտարարության համաձայն՝ Իրանը սկսելու է Ֆորդոյի միջուկային կայանում ուրան պարունակող գազով 1044 նոր ցենտրիֆուգ լիցքավորել: Նախագահը նաև պաշտպանել է Իրանում ցանկացած տեսակի ցենտրիֆուգ արտադրելու իրավունքը: