Տնտեսությունն աճում է, գյուղատնտեսությունը` անկում ապրում, խոպան գնացողները պակասել են. ԿԲ

ՀՀ կենտրոնական բանկը վերագնահատել է 2019թ.–ի վերջին տնտեսական ցուցանիշների կանխատեսումը։ Դրանց համաձայն` տնտեսական աճը գերազանցել է սպասելիքները, աշխատուժն էլ գերադասել է մնալ Հայաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. 2019թ.–ի 10 ամիսների համար Կենտրոնական բանկը մինչև 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը:

«Նայելով հոկտեմբերի նոր հրապարակված թվերին մենք 6.9–ից մի փոքր ավելի աճ ենք կանխատեսում։ Նույնիսկ հնարավոր է հասնի 7 կամ 7.1 տոկոսի»,– ասաց նա։

Հայաստանում ավելի մեծ տնտեսական աճ կգրանցվի, քան հարևան երկրներում. միջազգային կառույցներ

Հայաստանյան տնտեսության հիմնական շարժիչ ուժերը հոկտեմբերին ևս եղել են արդյունաբերությունն ու ծառայությունները, որոնց աճը կազմել է 9 տոկոս։ Շատ դանդաղ տեմպերով աճել է նաև շինարարությունը։ Իսկ գյուղատնտեսությունը հոկտեմբերին ևս շարունակել է անկում ապրել։

«Գյուղատնտեսության ու շինարարության զարգացումներն անգամ մի փոքր ավելին են, քան մենք սպասում էինք»,– ասաց Գրիգորյանը։

Տնտեսական աճին, ԿԲ տվյալներով, հիմնականում նպաստում է մասնավոր սպառումը, որի աճը եռամսյակի ընթացքում 11-14 տոկոս է կազմել։

Հոկտեմբերին Հայաստանից արտահանումների ծավալը ևս աճել է։ Ընդ որում, աճի տեմպը գերազանցել է ներմուծման աճի տեմպը։

Հայաստանը վերածվում է ավտոգերեզմանոցի, կամ ինչն է նպաստել տնտեսական աճին

Կենտրոնական բանկը վերագնահատել է նաև երկարաժամկետ տնտեսական աճի ցուցանիշները։ Եթե նախկինում 4.5 տոկոս աճ էր կանխատեսվում, այժմ կանխատեսումը բարձրացվել է 5 տոկոսի։

«Դա հիմնականում կապված է վերջին շրջանում աշխատուժի շուկայում գրանցված զարգացումների հետ։ Երևում է, որ սահմանահատումների սալդոն մեզ մոտ, որ նախորդ տարիներին բացասական էր, 2018թ.–ից չեզոք է կամ 0-ին մոտ։ Նույնիսկ 2018թ.–ին որոշակի դրական է եղել»,– ասաց Գրիգորյանը։

ԿԲ–ն կանխատեսում է, որ աշխատուժի տեղաշարժի դրական միտումները կպահպանվեն նաև առաջիկայում։ ԿԲ–ի մասնագետները հույս ունեն, որ ապագայում ևս Հայաստանում այս ցուցանիշն այլևս բացասական չի լինի։