ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik.Հայաստանը մշտապես բարձրացնում է ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցն ու փորձում է լուծում տալ դրան։ Այս մասին այսօր Երևանում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Այսօր Երևանում անցկացվում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12–րդ լիագումար նիստը, որը նախագահում է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Հայաստանին մատակարարած ռուսական զենքը չեզոքացրել է Բաքվի գերազանցությունը․ Եվսեև
Հարցին` արդյո՞ք պատգամավորները չեն հարցնում իրենց ռուս կամ բելառուս գործընկերներին` ինչու՞ են նրանք զենք վաճառում Բաքվին, Սիմոնյանը պատասխանեց, որ հայկական պատվիրակությունն այս հարցն ամենահաճախն է բարձրացնում։ Հարցը բարձրացրել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն մինչ այժմ լուծում չկա։
«Մեզ ասում են, որ եթե Ռուսաստանը չվաճառեր զենքը, մեկ այլ երկիր կվաճառեր, իսկ Հայաստանը Ռուսաստանից նույն զենքը արտոնյալ գներով է ստանում։ Անձամբ ինձ համար սա անընդունելի է։ Այսինքն` հարցը կա, ու մենք փորձում ենք լուծել այն»,–ասաց ԱԺ փոխխոսնակը։
Սիմոնյանն ընդգծեց, որ Հայաստանի ղեկավարությունը ինչպես չի քննարկել, այնպես էլ չի քննարկում ՀԱՊԿ–ից դուրս գալու հնարավորությունը։
Հիշեցնենք` ՀԱՊԿ–ի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանն ու Տաջիկստանը։