ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. ԵԿՄ նախկին նախագահ, նախկին պատգամավոր գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, 109 միավոր անշարժ գույքը փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին։ Այս մասին ասաց դատավոր Մնացական Մարտիրոսյանը` հրապարակելով Մանվել Գրիգորյանից ստացված գրությունը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրգործով դատական հերթական նիստը, որին Մանվել Գրիգորյանը կրկին չի մասնակցում` առողջական վիճակից ելնելով։
«Մանվել Գրիգորյանից ստացված գրության համաձայն` Գրիգորյանն իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը, մոտ 109 միավոր անշարժ գույքը, որի 20 տոկոսն է դեռ գույքագրվել և կազմել է մոտ 1,5 մլրդ դրամ, փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին՝ որպես առերևույթ վնասի փոխհատուցում»,–ասաց դատավորը։
Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին փոխել նրա խափանման միջոց կալանավորումը, քանի որ, ըստ նրանց, Գրիգորյանի առողջական վիճակը գնալով ավելի է վատանում։
Նախկին պատգամավորի կինն էլ իր հերթին նշեց, որ մեղադրյալ կողմը միշտ հակադարձում է կալանքը փոխելու միջնորդությանը` ասելով, թե Գրիգորյանն ազատության մեջ կարող է ոչ պատշաճ վարքագիծ դրսևորել։ Սակայն, ըստ Ամիրյանի, մեղադրյալ կողմը որտե՞ղ է տեսել Գրիգորյանի` ոչ պատշաճ վարքագիծ ցուցաբերելը։ «Բացի այդ, մեղադրող կողմն ասում է, թե Գրիգորյանի վիճակը ծանր չի, բայց կյանքին վտանգ կարող է սպառնալ։ Եթե ծանր չի` ինչի՞ց պետք է մահանա նա։ Հենց նե՞նց պիտի մահանա»,–ասաց նա։
Ինձ մտահոգում է Մանվել Գրիգորյանի կարգավիճակը. Դավիթ Տոնոյան
Մեղադրող կողմը Գրիգորյանի պաշտպանների ներկայացրած միջնորդության շուրջ իրենց առարկությունը հայտնեցին` ասելով, որ կալանքը փոխելու պահանջն անհիմն է։ Դատարանը գնաց խորհրդակցությունների սենյակ` որոշում կայացնելու. որոշման մասին հայտնի կլինի 1 ժամ անց։
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2018թ.–ի հունիսի 19-ին։
Մանվել Գրիգորյանը հետ է ուզում իր խանութները. պաշտպանները միջնորդություն են ներկայացրել