Ինչ են խոսել 2,5 ժամ Փաշինյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները. «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանի և խմբակցության հանդիպման ժամանակ պատգամավորների մեծ մասը խոստովանել է, որ ծանոթ չէ փաստաթղթին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպման ժամանակ քննարկման առանցքում Ստամբուլյան կոնվենցիան է եղել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Քննարկման ժամանակ վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք պատգամավորները ծանոթացել են Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը: Նրանց մեծամասնությունը խոստովանել է, թե ծանոթ չէ փաստաթղթին, վարչապետն էլ հանձնարարել է անպայման ծանոթանալ և խոսել այդ մասին: Փաշինյանն, ի դեպ, ասել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցն առայժմ սառեցվելու է»,-գրում է թերթը։

Ըստ թերթի՝ որոշում է կայացվել վաղը խորհրդարանում բաժանել եզրակացությունը, որպեսզի ծանոթանան։

Կրքերը չեն հանդարտվում. Ստամբուլյան կոնվենցիան` հաղթաթո՞ւղթ ընդդիմության ձեռքին

Պարբերականին հայտնի է դարձել նաև, որ 2,5 ժամ տևած դռնփակ հանդիպմանը քիչ բացականեր են եղել, և բոլորն էլ գրանցվել են հարց տալու համար։ Պատգամավորները հիմնականում դժգոհել են այս կամ այն գերատեսչության աշխատանքից։ Նաև բարձրացրել են հենց իրենց հեղինակած նախագծերի հարցը, որոնք գործադիրը մերժում է, ինչը, ըստ իշխող խմբակցության անդամների, անթույլատրելի մոտեցում է։

Հիշեցնենք` Ստամբուլյան կոնվենցիա պայմանական անունը ստացած «Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման» կոնվենցիան թեժ քննարկումներ ու բանավեճեր է առաջացրել Հայաստանում։

Ընդդիմախոսները պնդում են, որ փաստաթղթի վավերացումը կանաչ լույս կվառի միասեռական` ընտանիք կազմելու իրավունքի առաջ։ Կողմնակիցները վստահեցնում են, որ փաստաթղթում նման վտանգ թաքնված չէ։

Հայաստանում միասեռականների ամուսնություններ ու որդեգրումներ չեն լինի. նախարար

Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ վերապահումներ է հայտնել նաև Հայ առաքելական եկեղեցին։ Հոգևոր առաջնորդները հուլիսի 26-ին կոչ էին արել չընդունել Ստամբուլյան կոնվենցիան։

Նշենք, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացրել են Եվրոպայի խորհրդի անդամ 33 երկրներ։

Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը հրաժարվել են ընդունել այն։

«Իհա՛րկե կողմ եմ». նախարարը` Ստամբուլյան կոնվենցիայի մասին