ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հունաստանը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի արագանա Հայաստանի համար Եվրոպական Միության հետ մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացը: Այս մասին երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` նշելով, որ Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը խոստացել է այդ ուղղությամբ անել հնարավոր ամեն բան:
«Խոսեցինք մեր քաղաքացիների համար ԵՄ մուտքը պարզեցնելու մասին, որպեսզի մուտքի արտոնագրերը սովորական քաղաքացիների համար ազատականացվեն, և իմ լավ բարեկամը` պարոն նախագահը, խոսք տվեց, որ իրենք հնարավորը կանեն, որպեսզի այդ գործընթացն արագանա»,- ասաց Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հունաստանի նախագահը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՀՀ նախագահի հրավերով։
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հունաստանի նախագահն արդեն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրան ուղեկցել են Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։