Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի նախագահին

Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը նշել է, որ ողջունում է հայ ժողովրդի ջանքերը` ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ: Այս մասին նշված է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։

Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փաշինյանը հիշեցրել է, որ սա իր և Հունաստանի նախագահի առաջին հանդիպումը չէ։  

«Ես հաճույքով եմ հիշում մեր հանդիպումը Չինաստանում՝ Պեկինում, Ասիական քաղաքակրթությունների ֆորումում, որտեղ մենք հագեցած զրույց ունեցանք մեր երկրների հարաբերությունների և ընդհանրապես մեր երկկողմ օրակարգի հարցերի մասին: Մեր երկրների միջպետական և միջժողովրդական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են գտնվում, և հույս ունեմ, որ մենք կկարողանանք այս նպաստավոր ֆոնի վրա առավել արդյունավետ տնտեսական համագործակցություն հաստատել, նաև այլ ոլորտներում մեր համագործակցության մակարդակը բարձրացնել և արդյունքներն ավելացնել»,- նշել է նա:

Փաշինյանի խոսքով` Հայաստանում Հունաստանի նկատմամբ կա առանձնահատուկ վերաբերմունք, և մեր ժողովուրդը մեծ գնահատանքով է հիշում այն փաստը, որ դեռևս 1996 թվականին Հունաստանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: ՀՀ վարչապետն արձանագրել է, որ 2015 թվականին Հայաստանի խորհրդարանը նույնպես պաշտոնապես ճանաչել է հույների, ասորիների ցեղասպանությունը:

Հունաստանն առաջիկայում կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

«Կարծում եմ՝ այս փաստը հիմք է ստեղծում, որ մենք գլոբալ անվտանգության հարցերում նույնպես համագործակցության ուղիներ փնտրենք, որովհետև մեզ համար ցեղասպանությունների ճանաչումը ոչ միայն պատմության ճանաչման խնդիր է, այլև գլոբալ անվտանգության և ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված կարևոր ջանք»,- ասել է Փաշինյանը:

Իր հերթին  Պրոկոպիոս Պավլոպուլոսը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ուրախ է, որ կարողացավ կատարել խոստումը և մեկ տարվա ընթացքում այցելեց ՀՀ։  Հունաստանի նախագահը նշել է, որ ողջունում է հայ ժողովրդի ջանքերը` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:

Հունաստանի նախագահը ՀՀ նախագահին խոստացել է նպաստել ԵՄ հետ վիզայի ազատականացման արագացմանը

«Մենք հատկապես ողջունում ենք Հայաստանի և հայ ժողովրդի կողմից գործադրված ջանքերը, որոնք ուղղված են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Դա շատ կարևոր քայլ է, և մենք մեր կողմից մեր աջակցությունն ենք ցուցաբերում այդ հարցին: Մյուս կողմից, շատ ուրախ եմ, որ այդ պայքարի շրջանակում Հայաստանն իր հերթին ճանաչել է հույների և ասորիների ցեղասպանությունը: Միևնույն ժամանակ, ողջունում ենք և ուրախանում, որ վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա շատ կարևոր է»,- ասել է Պրոկոպիոս Պավլոպուլոսը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ և կարևորել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությունը՝ մարտահրավերներին միասնական դիմագրավելու և ընդհանուր շահերը պաշտպանելու առումով: