ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Վերջին տարիներին արտերկրից Հայաստան ուղարկած գումարների դերը տնտեսության մեջ աստիճանաբար նվազում է։ Այս մասին այսօր` նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։
«Որոշակի ժամկետներում մենք տեսնում ենք, որ դրանք կայուն կերպով աճող մեծություն են` շուրջ 3-4 տոկոսի շրջանակում։ Բայց մեր տնտեսության վրա դրանց ազդեցությունն աստիճանաբար նվազում է, և կարծում եմ` դա խոսում է տնտեսության զարգացման մասին»,– ասաց նա։
Փոխարենը տարվա ընթացքում գրանցվել է մասնավոր ավանդների աճ։ Սա, ըստ Գրիգորյանի վկայում է, որ մարդիկ իրենց խնայողություններն ուղղում են դեպի տնտեսություն։
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստան մասնավոր փոխանցումներ հիմնականում արվում են ՌԴ–ից։ Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ընդհանուր ծավալը կազմում է 80 տոկոս։
Ռուբլու անկումը Հայաստանի աչքերով. դրամը «սոլիդարություն» կդրսևորի՞
Հիշեցնենք` Համաշխարհային բանկի 2015թ–ի զեկույցում նշվում էր, որ մասնավոր տրանսֆերտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 21 տոկոսը: Ընդ որում, 2015թ–ին Հայաստան ուղարկած գումարները վերջին 10 տարվա ցուցանիշներից ամենացածրն էին` 1.6 մլրդ դոլար։
Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2008 թվականին` տարեկան 2.3 մլրդ դոլար։
2009թ–ին Հայաստան մասնավոր փոխանցումները կազմել են 1.5, 2010-ին` 1.6, 2011–ին` 1.9 մլրդ դոլար։
2012թ–ից տրանսֆերտների ծավալը դարձյալ աճել է` հասնելով 2.2, 2013-ին` 2.3, 2014-ին` 2.1 մլրդ դոլարի։
2016-ին Հայաստան է փոխանցվել 1.5, 2017–ին` 1.4, 2018–ին` 1.786 մլրդ դոլար։
Իսկ 2019թ–ի առաջին կիսամյակում այդ ցուցանիշը կազմել է շուրջ 800 մլն դոլար։