Փաշինյանն ավելորդ է համարում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. տեսանյութ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը դպրոցական ծրագրից միայն դրական ազդեցություն կունենա աշակերտների վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 Նոյեմբեր — Sputnik. Եթե առանձին կա «Հայոց եկեղեցու պատմություն» առարկա, ուրեմն պետք է լինեն «Հայոց զինված ուժերի պատմություն», «Հայոց մշակույթի պատմություն», «Հայոց պետականության պատմություն» առարկաներ, ինչը տրամաբանական չէ։ Այս մասին այսօր Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հերթական անգամ ուղիղ եթեր էր մտել «Զրույց քաղաքացու հետ» խորագրի շրջանակում։

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կշարունակեն դասավանդել դպրոցներում. Գարեգին Բ

Փաշինյանի կարծիքով` «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի գոյությունը տրամաբանված չէ։ Ըստ նրա` «Հայոց պատմություն» առարկայի գոյության դեպքում առանձին «Հայոց եկեղեցու պատմությունը» խոսում է գոյություն չունեցող տարանջատման և հայ ժողովրդի և Հայ առաքելական եկեղեցու միջև գոյություն չունեցող անջրպետի մասին։ Նա նաև փոքր պատմական էքսկուրսով հիմնավորեց, թե ինչու է առհասարակ այդ առարկան մտել դպրոց։

«Խորհրդային տարիներին մեր պատմության դասագրքերում առավելագույնս քիչ են անդրադարձել եկեղեցուն։ Անկախանալուց հետո մենք ժամանակ չենք ունեցել դրանով զբաղվելու և իներցիայով դպրոցներում շարունակել են հայոց պատմություն դասավանդել` առանց եկեղեցու մասին պատմելու։ Դրա համար էլ առաջացել է առանձին առարկայի կարիք»,–ասաց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը նաև հավելեց, որ աշակերտները միայն կշահեն «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի` «Հայոց պատմություն» առարկայի մեջ ինտեգրելուց։ Աշակերտի ծանրաբեռնվածությունը կքչանա, ինչը նրան հնարավորություն կտա կենտրոնանալու ֆիզիկա, քիմիա, երկրաչափություն առարկաների վրա։

«Բանավեճը կմտնի փակուղի». «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ճակատագիրն անորոշ է

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ներառվել է հանրակրթական դպրոցի 4-5–րդ դասարանների ուսումնական ծրագրում 2003թ.–ի հունվարին, իսկ արդեն 2005թ.–ից պարտադիր է դարձել 4-10–րդ դասարանների աշակերտների համար։

Որոշ դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» դասավանդում են հոգևորականները, իսկ մնացած դեպքերում` պատմության ուսուցիչները։ Նախորդ շաբաթ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանն իր հարցազրույցում ասել է, որ «Հայոց եկեղեցու պատմությունը» պետք է ինտեգրել «Հայոց պատմություն» առարկայի մեջ։ Դրանից հետո սկսվել են թեժ քննարկումներ սոցիալական ցանցերում, առիթ դառնալով  վարչապետի` այսօրվա ուղիղ եթերի։