«Ինչո՞ւ ինքը նման որոշում չի կայացնում». Ալեն Սիմոնյանը` Մանուկյանի հրաժարականի մասին

«Իմ քայլը» խմբակցության նիստից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ խմբակցության նիստին քննարկվել է նաև Հանրային խորհրդի հարցը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է, և դրա նախագահ Վազգեն Մանուկյանը պետք է հրաժարական տա։ Այս մասին նա լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո՝ նշելով, որ խմբակցության նիստին քննարկվել է նաև Հանրային խորհրդի հարցը:

Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է. Ալեն Սիմոնյան

«Ես ներողություն եմ խնդրում սուր բառերի համար, բայց ես համարում եմ, որ դա անիմաստ կառույց է: Չգիտեմ՝ կա՞ մի լրագրող, որը կարող է նշել հիմա մի քանի գործողություն, որ այդ կառույցը արել է, և Հայաստանի հանրային կյանքում դա նշանակություն է ունեցել»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահը պատասխանեց նաև Վազգեն Մանուկյանի հնարավոր հրաժարականի մասին հարցին։

«Ես չեմ հասկանում՝ եթե նա իրեն տեսնում է քաղաքական դաշտում, ինչո՞ւ ինքը նման որոշում չի կայացնում»,–ասաց Սիմոնյանը։

Հակոբյան. «Իշխանության մեջ կան շրջանակներ, որոնց Վազգեն Մանուկյանը նյարդայնացնում է»

Հիշեցնենք` միտքը, որ Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է, Ալեն Սիմոնյանը հնչեցրել էր նաև հոկտեմբերի 29–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Ընտանեկան բռնության դեմ նախագիծը թերի է, հապշտապ ընդունումը՝ վտանգավոր. Հանրային խորհուրդ

Նա նշել էր, որ այդ կառույցն ի սկզբանե անիմաստ է եղել և ստեղծվել է երևի հենց Վազգեն Մանուկյանին որևիցե գործով ապահովելու համար։

Հիշեցնենք` Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է 10 տարի առաջ` 2009թ–ի մայիսի 29-ին`  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով։  Վերջին անգամ վերանշանակվել է 2019թ–ի ապրիլի 4-ին։

2019թ. հոկտեմբերի 30-ին Վազգեն Մանուկյանը պատրաստակամություն էր հայտնել հրաժարական հայտնել, եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեր իրեն անել դա։