Դիմում է տվել` ազատվել է, դիմում է տվել` ընդունվել է. Անանյանը` մաքսատան աշխատողի մասին

Անանյանն ասաց, որ աշխատանքից ազատված մաքսային ծառայող Հայկ Մարտիրոսյանը մաքսայինում համարժեք պաշտոնի է անցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Անձը դիմում է ներկայացրել` ազատվել է աշխատանքից, անձը դիմում է ներկայացրել` ընդունվել է աշխատանքի։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կերպ արձագանքեց դրոշի պատճառով աշխատանքից ազատված և նորից ընդունված մաքսային ծառայող Հայկ Մարտիրոսյանի մասին հարցին։

Փաշինյանը հրահանգել է, որ դրոշի պատճառով աշխատանքից հեռացված տղամարդուն վերադարձնեն

Ինչպես արդեն հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 9-ին Նորագավիթի ավտոմաքսատանը շրջայցի ընթացքում տեսել էր, որ անկյունում դրված է Հայաստանի դրոշը` կեղտոտ վիճակում և բարկացած կարգադրել էր բոլորին ազատել աշխատանքից։ Երկու օր անց` ապրիլի 11-ին, Անանյանը հայտնել էր, որ ՀՀ վարչապետի այցից ու հայաստանյան դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ նրա նկատողությունից հետո աշխատանքից ազատվել է ոչ միայն մաքսատան տվյալ աշխատակիցը, այլև տվյալ վարչության պետը։ Հոկտեմբերի 29–ին, սակայն, Հայկ Մարտիրոսյանը մաքսայինում նորից աշխատանքի է ընդունվել։

«Հայկ Մարտիրոսյանի` մաքսայինում նորից աշխատանքի ընդունվելը մեկնաբանել եմ որպես վարչապետի հորդոր, որին էլ արձագանքել էր տվյալ անձը։ Անձը, ընդունելով մեր առաջարկը, եկել ու աշխատանքի է անցել մաքսայինում։ Նա համարժեք պաշտոնի է անցել»,–ասաց նա։

Փաշինյանը ոչ ոքի չի ստիպել աշխատանքից ազատվել. Դավիթ Անանյան

Հարցին, թե նրան պատճառված վնասը փոխհատուցվե՞լ է` Անանյանը պատասխանեց, թե ի՞նչ վնասի մասին է խոսքը` մարդն իր դիմումով ազատվել ու իր դիմումով էլ աշխատանքի է ընդունվել։

Փաշինյանի աչքից հեռու. Երևանում «սխալ» դրոշների պակաս չկա. ո՞ւմ են ազատելու աշխատանքից

Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր` ապրիլից այսկողմ բազմիցս համոզվել է, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքի ստանդարտներ սահմանելու խնդիր կա` սկսած պետական դրոշի տեխնիկական ստանդարտներից (ինչպիսին պետք է լինի հանդիսավոր միջոցառմանը տեղադրված պետական դրոշը, աշխատանքային միջավայրում տեղադրված դրոշը, բացօթյա տեղադրված պետական դրոշը և այլն), վերջացրած նրա տեղադրման արարողությունով ու նրա նկատմամբ վերաբերմունքով: