ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Որքան էլ Ողջի գետի` թափոնաջրերով աղտոտված ջուրը մաքրվի, միևնույնն է, գետը չի ազատվի ծանր մետաղներից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց բնապահպան, «Էկոլուր» տեղեկատվական-հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը։
Հայաստանում 44 լքված պոչամբար և 5 հանքավայր կա. որոշ տեղերում վիճակն աղետալի է
ՀՀ դատախազությունը հայտնել էր, որ պարզել են` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակիցների` արտադրված թափոնների տեղափոխման կանոնները խախտելու հետևանքով Սյունիքի Ներքին Գիրաթաղ գյուղի տարածքով անցնող խողովակաշարը վնասվել էր: Դրա հետևանքով թափոնաջրերը, խառնվելով նշված տարածքով հոսող վտակին, լցվել են Ողջի գետ։ Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել։
«Խնդիրն այն է, որ ոչ ոք վթարից հետո չի զբաղվել գետի մաքրման աշխատանքներով` թողել են գետն ինքնամաքրվի։ Գետը, այո՛, կմաքրվի, քանի որ մեր գետերի ինքնամաքրման ունակությունը շատ բարձր է. գետի ավազանը կարող է աղբյուրից մաքուր ջուր վերցնել ու ինքնամաքրման գնալ, սակայն այդ ընթացքում գետ լցված ծանր մետաղները կամաց–կամաց կնստեն հատակին»,–ասաց Զարաֆյանը։
Նրա խոսքով` դրան կհաջորդի այն, որ գետի ջուրը որոշ ժամանակ անց փորձաքննության կենթարկեն և կհայտարարեն, որ այն մաքուր է` չուսումնասիրելով հատակը։ Ըստ Զարաֆյանի` տպավորություն է, թե` քանի որ մեծ աղմուկ բարձրացավ գետի աղտոտման շուրջ, որոշեցին մի բան անել, ու գործը բարդեցին դատախազության վրա։
«Մյուս խնդիրն էլ այն է, որ մենք բնապահպանական մասնագիտական դատարաններ չունենք։ Իրավապահները կարող են տուգանել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին», բայց դրանով հարցը չի լուծվում։ Պետք է քայլեր իրականացնեն գետը մաքրելու համար»,–ասաց նա։
Զարաֆյանը նշեց նաև, որ գետի հատակին նստած ծանր մետաղները կամաց–կամաց կանցնեն հողի տակ ու արդեն մթերքի միջոցով կարող են մարդուն «բաժին հասնել»։
Արտակարգ իրավիճակ Սյունիքում. պոչամբարից արտահոսք է տեղի ունեցել. տեսանյութ
Մասնագետը հավելեց` իրենք այցելել են Սյունիք, հանդիպել ու զրուցել տեղի գյուղերի բնակիչների հետ։ Գյուղացիները պնդել են` քանի որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պոչատարը բավական երկար է` 35-38 կմ, խողովակի վթարներ տարին 1-2 անգամ լինում են։ Զարաֆյանի խոսքով` պատկան մարմինները պոչատարների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ քայլեր գրեթե չեն իրականացնում։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից էլ հայտնեցին, որ հոկտեմբերի 17-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» տեղի ունեցած վթարի ու դրա հետևանքով Ողջի գետն աղտոտելու վերաբերյալ վնասի նախնական հաշվարկն ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն: Ի դեպ, տեսչական մարմնի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում հոկտեմբերի 28-ից իրականացվող ստուգումներն ընթացքի մեջ են։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ի երեկոյան կապանցիները նկատել էին, որ Ողջի գետով կրկին աղտոտված ջրեր են հոսում. այս մասին հայտնել էր «Հայկական բնապահպանական ճակատը»։