ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի-Sputnik. Նյու-Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» արենայում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը կայացած խառը մենամարտերի UFC 244 մրցաշարում հայազգի Էդմեն Շահբազյանն առաջին իսկ ռաունդում նոկաուտի է ենթարկել ամերիկացի Բրեդ Տավարեսին: Այս մասին տեղեկանում ենք UFC-ի Twitter-ի պաշտոնական գրառումից:
Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ խառը մենամարտերի UFC 244 մրցաշարին ներկա է գտնվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Mmamania.com պարբերականը նշել է, որ երիտասարդ մարզիկը գործել է հանգիստ, պրոֆեսիոնալ կերպով պահպանել մրցակցի միջև հեռավորությունն ու դիպուկ հարվածներով նոկաուտի ենթարկել փորձառու մարզիկին:
Նշենք, որ հայազգի մարզիկ 21-ամյա Էդմեն Շահբազյանը միջին քաշային կարգում ոչ մի պարտություն չի կրել: Այս անգամ էլ նա առաջին իսկ ռաունդում նոկաուտի է ենթարկել 31-ամյա ամերիկացի Բրեդ Տավարեսին: Հետաքրքիր է, որ մինչ այս Տավարեսը ոչ մի անգամ նոկաուտով պարտություն չէր կրել:
Հավելենք, որ Շահբազյանի մարզիչը հայազգի Էդմոն Տարվերդյանն է: