ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներն աշխատանքից ազատման դիմում չեն գրել։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե մասսայական աշխատանքից ազատման դիմում են գրել այգու աշխատակիցները։
«Երևանի կենդանաբանական այգու որևէ աշխատակից, բացի Ռուբեն Խաչատրյանից, դիմում չի գրել»,–հայտնում է նա` հորդորելով ապատեղեկատվություն չտարածել։
Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն այսօր Facebook- ում հայտնել է իր լիազորությունները դադարեցնելու մասին։
Դրանից հետո որոշ լրատվամիջոցներ հայտնեցին, թե Խաչատրյանի ազատման դիմումից հետո այգու 80 աշխատակից աշխատանքից ազատման դիմում են գրել, քանի որ համաձայն չեն որոշմանը և ուզում են նրա հետ հեռանալ։
Հիշեցնենք` այգու ղեկավարությունը երեկ հայտարարել էր, որ թափառող շները հարձակվել ու երեք կենգուրու են հոշոտել, իսկ այսօր նույն շների ոհմակը հարձակվել ու 3 մուֆլոն է կերել։