ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Մինչև 2 տարեկան երեխաների նպաստների ծրագրի ֆինանսավորումը կավելանա 1 մլրդ դրամով։
Այս մասին այսօր ԱԺ–ում, 2020թ. բյուջեն ներկայացնելիս, ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
2020թ–ի հուլիսից ավելանալու է երեխաների ծննդյան ինչպես միանվագ, այնպես էլ ամեն ամիս տրամադրվող աջակցության չափը:
«Հուլիսի 1-ից նախատեսում ենք մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված գումարի բարձրացում. 18 հազարի փոխարեն այն կդառնա 25500 դրամ։ Բայցի դա առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ աջակցությունը 50 և 150 հազար դրամից նախատեսվում է դարձնել 300 հազար դրամ: Այս ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորումը կազմում է 2.5 մլրդ դրամ»,- ներկայացրեց նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11–ին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանն ասել էր, որ 2020թ.–ի հուլիսից նախատեսվում է վեց անգամ բարձրացնել առաջին երեխային տրամադրվող միանվագ նպաստը։ Այն կկազմի 300 հազար դրամ` նախկին 55 հազարի փոխարեն, իսկ երկրորդ երեխային տրամադրվող գումարը կկրկնապատկվի` 150 հազար դրամի փոխարեն դառնալով 300 հազար դրամ։ Երրորդ և ավելի երեխաների դեպքում միանվագ նպաստների չափը չի փոխվի և կկազմի համապատասխանաբար 1 միլիոն և 1,5 միլիոն դրամ։
Մարկոսյան. «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդն իրականացնելու է հստակ ծրագրեր»
Մեկ այլ ծրագիր ենթադրում է աջակցություն բնակարանային խնդիրների լուծման հարցում։ Մասնավորապես, հիփոթեքով բնակարան գնողներին աջակցություն կտրամադրվի` պայմանավորված երեխայի ծնունդով։Պետությունը կապահովագրի բանկի կողմից պահանջվող կանխավճարի չբավականացնող մասը։ Առաջին կամ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում պետությունը մարզերում կփոխհատուցի հիփոթեքի մայր գումարի 10 տոկոսը, մայրաքաղաքում` 5 տոկոսը, իսկ երկրորդ երեխայից հետո` մարզերում 50 տոկոսը, իսկ մայրաքաղաքում` 25 տոկոսը։