ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Քննչական կոմիտեում կոնկրետ անձ ցուցմունք է տվել այն մասին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կալանավորված սանիկ Նորայր Փանոսյանը, որը 2011-2014թթ. Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետն է եղել, շուկայականից անհամեմատ ցածր գներով Երևանի քաղաքապետարանից առքուվաճառքի պայմանագրերով հողատարածքներ է ձեռք բերել հենց Թովմասյանի համար: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
«Նա իրավապահներին տեղեկացրել է, որ հանդիպել է Թովմասյանի հետ, և հենց Թովմասյանն է նրան ասել, որ նման տարածք ունի, ավելին` նույնիսկ ակնարկել է, թե կարող է վաճառել»,–գրում է թերթը:
Թերթի տեղեկություններով` Կոմիտեն հիմնավորել է, որ Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը Երևանի քաղաքապետարանի աճուրդով Թովմասյանն է ձեռք բերել, և գործն ուղարկվել է ՀՔԾ:
Եվ, ըստ էության, նախաքննական մարմինը եկել է այն եզրահանգման, որ Փանոսյանը դրանք Հ. Թովմասյանի համար է ձեռք բերել:
Հիշեցնենք` հոկտեմբերի 29–ին Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Հրայր Թովմասյանն արդարադատության նախարարի պաշտոնում չարաշահել է պաշտոնեական լիազորությունները` փաստացի ձեռք բերելով Երևանի քաղաքապետարանի կազմակերպած աճուրդում վաճառվող, Բաղրամյան փողոցում գտնվող նոտարական գրասենյակի տարածքը։
Նշենք, որ մինչ այդ տարածքին ապօրինի տիրանալու համար մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին` ԱՆ օրինականության վերահսկողության վարչության նախկին պետ Նորայր Փանոսյանին։
Հրայր Թովմասյանը չարաշահե՞լ է պաշտոնեական լիազորությունները
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ էին կանչվել Հրայր Թովմասյանի հարազատները: Հոկտեմբերի 18-ին ԱԱԾ-ն Թովմասյանի հոր և դուստրերի հարցաքննության որոշ մանրամասներ էր ներկայացրել:
Նշվում էր, որ խնդիրը կապված է 2012-2014 թթ. ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնված Երևան քաղաքի Զաքյան փողոցի համար 2 հասցով շենքի՝ շուրջ 855 մլն դրամ արժեքով վերակառուցման, ինչպես նաև Աբովյան ՔԿՀ և Սարի թաղում գտնվող միջնակարգ դպրոցի շուրջ 15 մլն դրամ արժեքով վերանորոգման ընթացքում թույլ տրված առերևույթ յուրացումներին։
ՀՔԾ–ն Հրայր Թովմասյանին հարցաքննելու իրավունք ունի. Սասուն Խաչատրյան
Հենց այդ շրջանակում էլ ԱԱԾ–ն փորձել է հետազոտել Թովմասյաններին պատկանող առանձնատան տանիքը, բայց Թովմասյանի հայրը մերժել է:
Իսկ ԱԱԾ աշխատակիները Վարդան Թովմասյանի առանձնատուն են այցելել, քանի որ նա գերադասել է իր տանը բացատրություն տալ։ Բայց հընթացս նա փոխել է միտքն ու նախընտրել է բացատրություն տալ ՀՀ ԱԱԾ շենքում՝ իր փաստաբանների ներկայությամբ: