Կենդանաբանական այգու տարածքում շուն չի գտնվել. Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն

Ըստ Այգու տեղեկությունների` թափառող շները հարձակվել և սպանել են երեք մուֆլոն։ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը տարածքում փորձել է գտնել այդ շներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 Նոյեմբեր — Sputnik.  Կենդանաբանական այգու տարածքում դեռ ոչ մի թափառող շուն չի նկատվել։ Այս մասին հայտարարել է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ–ը։

«Մեր կենդանիների հավաքագրող խմբերը առավոտից Կենդանաբանական այգու աշխատակիցների հետ այգու և նրա հարակից տարածքներում իրականացնում են լայնածավալ աշխատանքներ: 16:00-ի դրությամբ դեռ ոչ մի թափառող շուն չի նկատվել», – նշված է հայտարարության մեջ։

Այսօր առավոտյան Կենդաբանական այգին ահազանգել էր, որ թափառող շները հարձակվել և սպանել են երեք մուֆլոնի։ Երեկ էլ, ըստ Այգու տեղեկությունների` շները հարձակվել ու սպանել էին երեք կենգուրուների։ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ–ը երեկ` 4-4.5 ամսական երեք շան ձագ էր բռնել, որոնք, ենթադրաբար, մասնակցել էին կենգուրուների վրա հարձակման գործին։ Քոթոթները տեղափոխվել են Կենտրոնի կլինիկա` ստերջացվելու և պատվաստվելու։

Թափառող շները հարձակվել են կենդանաբանական այգու կենգուրուների վրա. 3-ը սատկել են

Կենտրոնի` Facebook-ում տեղադրած հայտարարությունների տակ օգտատերերը թերահավատորեն են մոտեցել երեք քոթոթների`  հասուն կենգուրուների սպանելու վերաբերյալ։ Նրանց նաև շատ խոսուն է թվում այն փաստը, որ այսօր Այգու տարածքում շներ չեն գտնվել։

«Սա տնօրենի ծիծաղելի սցենարն է», «մարդկանց հիմարի տեղ մի դրեք», «ամեն ինչ խեղճ շների վրա են գցում» գրում են նրանք։ Կենտրոնը պատասխանել է, որ չի կարող գրածներին որևէ մեկնաբանություն տալ։ Ընթանում է հետաքննություն, որի արդյունքների մասին կտեղեկացվի պաշտոնապես:

Նշենք, որ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։