Անհավանական նմանություն. Վրաստանում ապրում է Օդրի Հեփբյորնի նմանակը. լուսանկար

Վրացի բազմազավակ մայրը ջրի երկու կաթիլի պես նման է Օդրի Հեփբյորնին։ Կինը վստահեցնում է, որ ջանքեր չի գործադրում այդ նմանությունը ավելացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Վրաստանում ապրում է աշխարհահռչակ բրիտանացի դերասանուհի, նորաձևության կուռք Օդրի Հեփբյորնը, գրում է Sputnik Գրուզիան։

Թամունա Տաբատաձեն` վրացի երաժիշտ Գիա Բագաշվիլու կինը, շատ նման է լեգենդար դերասանուհուն ։ Զույգն ունի չորս երեխա և, չնայած դրան, Թամունան հիանալի կազմվածք ունի։

Ինչպես հարցազրույցներից մեկում պատմել է Տաբատաձեն, Հեփբյորնի հետ նմանությունը նկատվել է դեռ մանուկ հասակից։

«Անկեղծ ասած` միշտ ինչ–որ անհարմարություն եմ զգացել, որովհետև Օդրի Հեփբյորնն իր գեղեցկությամբ, արտիստիզմով, ազնվատոհմությամբ և հիանալի ներաշխարհով անկրկնելի է», – ասել է նա։

Տաբատաձեն այնքան նման է աշխարհահռչակ դերասանուհուն, որ մի անգամ նույնիսկ հարազատ դուստրն է շփոթել նրան։ Երբ հեռուստաալիքներից մեկով ցուցադրել են «Հռոմեական արձակուրդները» ֆիլմը, դուստրերից մեկը` Նինին, ժպիտով նայել է Հեփբյորնին` մտածելով, որ նա մայրն է։ Սակայն, երբ էկրանին հայտնվել է Գրեգորի Պեկը և համբուրել Օդրիին, աղջիկը դժգոհությամբ ասել է. «Սա հայրիկը չէ»։

Նմանությունը չէին կարող չնկատել նաև լուսանկարիչները, որոնք մշտապես հրավիրում են Տաբատաձեին մասնակցելու նկարահանումների։ Ֆոտոսեսիաներից մեկն արվել է այս ամառ Հռոմում Հեփբյորնի 90–ամյակի կապակցությամբ։ Թամունան զբոսնել է փողոցներով Օդրիի ոճի զգեստներով, աքսեսուարներով ու սանրվածքներով։