ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խողովակաշարի վնասման և թափոնաջրերով Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ այսօր քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։
«Ողջի գետի աղտոտման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի աղտոտում)»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ «ԶՊՄԿ» ՓԲԸ համապատասխան աշխատակիցների կողմից արտադրված թափոնների տեղափոխման կանոնները խախտելու հետևանքով Սյունիքի մարզի Գետաթաղ գյուղի տարածքով անցնող՝ նշված ընկերության թիվ 2-րդ դյուկերի տարածքում վնասվել է 1020մմ տրամագծով 31-րդ խողովակաշարը: Դրա հետևանքով խողովակաշարով անցնող թափոնաջրերը, լցվելով նշված տարածքով հոսող վտակը, թափվել են Ողջի գետ՝ անզգուշությամբ աղտոտելով շրջակա միջավայրը:
Որտեղից է հրապարակվել Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսված զրույցը. Գրիգորյանի բացահայտումը
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությանը: Նախաքննության շրջանակներում կպարզվեն ինչպես դեպքի լիարժեք հանգամանքներն ու պատճառները, այնպես էլ շրջակա միջավայրին պատճառված վնասի ամբողջական և վերջնական չափերը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ի երեկոյան կապանցիները նկատել էին, որ Ողջի գետով կրկին աղտոտված ջրեր են հոսում. այս մասին հայտնել էր «Հայկական բնապահպանական ճակատը»։
ՀՔԾ–ն Հրայր Թովմասյանին հարցաքննելու իրավունք ունի. Սասուն Խաչատրյան