ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի՝ ՄԻԱՎ վարակով վարակվելու դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2019թ. հոկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է քաղաքացու՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումն այն մասին, որ 2019թ. օգոստոսի կեսերից մինչև հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում անչափահաս թոռնուհին ստացիոնար բուժման մեջ է գտնվել «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ վերջինիս մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ, որով երեխան մինչ այդ վարակված չի եղել:
Նախնական տվյալներով՝ երեխան ամիսներ շարունակ պարբերաբար ջերմել է և 2019թ. օգոստոսի 20-ին տեղափոխվել «Արաբկիր» ԲԿ, որից հետո նրա մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխայի ծնողների մոտ ՄԻԱՎ չի հայտնաբերվել:
Պայքար ՁԻԱՀ–ի դեմ. ո՞ր մարզում է իրավիճակն առավել ողբալի
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Դիտավորությամբ անչափահասի նկատմամբ մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելը), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:
ՁԻԱՀ-ից արդեն չեն մահանում. ինչպե՞ս կանխարգելել հնարավոր վտանգները
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: