Այս թվերը հպարտանալու առիթ են տալիս. Պետրոսյանը վերջին հաշվետվությունն է ներկայացրել

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարը պաշտոնը լքելուց առաջ սոցցանցի միջոցով ներկայացրել է իր ղեկավարած կառույցի վերջին ձեռքբերումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Կադաստրի կոմիտեի ֆինանսական վիճակի վերջին հաշվետվությունը կառույցի արդեն նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանին ևս մեկ ձեռքբերմամբ հպարտանալու առիթ է տվել։

Այս մասին, պաշտոնից հեռանալուց առաջ, Facebook-ի իր էջում գրել է Սարհատ Պետրոսյանը։

Կենտրոնի թաղապետին համոզում են մնալ. «Հրապարակ»

«Երեկ վերջին անգամվա համար ստացա Կադաստրի կոմիտե / Cadastre Committee-ի ֆինանսական վիճակի հաշվետվությունը։ Դրանում արտացոլված թվերի հիման վրա կարող եմ հպարտանալ ևս մեկ ձեռքբերմամբ։ Վարչապետի վերջին ասուլիսի ընթացքում հայտարարվեց, որ 2019 թվականին կոմիտեն կանխատեսում է 1.05 մլրդ. դրամ ավելի գեներացնել ու փոխանցել պետական բյուջե։ Այսօր արդեն առկա միջոցները թույլ են տալիս այդ ցուցանիշը համարել կատարված և ակնկալել մոտ 15%-ով ավելի բարձր արդյունք մինչ տարեվերջ»,–գրել է Պետրոսյանը։

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարի խոսքով` սա Հայաստանով մեկ տարածված մեծ թիմի համատեղ աշխատանքի արդյունք է, որի համար նա մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել կադաստրի մեծ ընտանիքին։

Հիշեցնենք` հոկտեմբերի 18-ին Սարհատ Պետրոսյանը հայտնել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։

Հայտարարության մեջ նա ներկայացրել էր ամբողջ եղելությունը և նշել, որ այն ունի միայն մասնագիտական պատճառներ՝ տարվող ոլորտային քաղաքականությամբ պայմանավորված, և ոչ ոք թող չփորձի այնտեղ ինչ-ինչ քաղաքական նկատառումներ կամ ընտանեկան-ազգակցական կապերով պայմանավորված պատճառներ փնտրել:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 31–ի նիստում ընդունեց Սարհատ Պետրոսյանի հրաժարականը։