ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Արցախի հյուսիսային ուղղությամբ գործող առանձին զրահատանկային զորամասերից մեկի ներգրավմամբ հոկտեմբերի 31-ին Արցախում անց է կացվել գումարտակային մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։
«Իրականին հնարավորինս մոտ պայմաններում անցկացված զորախաղերի ընթացքում իրականացվել է անընդհատ ղեկավարում, կազմակերպվել արդյունավետ փոխգործակցություն, մասնակից անձնակազմը ցուցաբերել է մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական լավ պատրաստվածություն՝ ևս մեկ անգամ փաստելով, որ պատրաստ է բարձր մակարդակով իրականացնել ցանկացած մարտական խնդիր»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Զորավարժությունն անցկացվում էր համաձայն սահմանված նորմացույցերի և նպատակ ուներ ստուգել անձնակազմին առաջադրված խնդիրները ճիշտ ու ժամանակին կատարելու ունակությունները, իսկ դրանց օբյեկտիվությունն ապահովելու համար գործընթացը վերահսկում էին ՊԲ համապատասխան բաժինների ու ծառայությունների պատասխանատուները:
Նշենք, որ զինծառայողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, հրամանատարական ունակությունների կատարելագործման և մարտի տարբեր ձևերում ստորաբաժանումների գործողությունները ներդաշնակելու նպատակով պաշտպանության բանակում պարբերաբար անցկացվում են տարաբնույթ զորավարժություններ: