ԵՐԵՎԱՆ, 31 Հոկտեմբեր — Sputnik. Թուրքիայում ճանաչված փոփ երգչուհի Հյուլյա Ավշարը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ հավանում է Արմինե Հարությունյանին: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Արմինե Հարությունյանը մեծ աղմուկ բարձրացրեց` հայտնվելով «Gucci»-ի ցուցադրությունում։ Նրա ինքնատիպությունն ու էկզոտիկ կազմվածքը անմիջապես գրավեց միլիոնավոր մարդկանց ուշադրությունը, այնուամենայնիվ, նրանցից ոչ բոլորը դրական արձագանքեցին աղջկա «հաղթանակին»։ Նրա հասցեին բազմաթիվ քննադատական մեկնաբանություններ հնչեցին:
Հայաստանցի մոդելը չի վրիպել նաև թուրք երգչուհի Հյուլյա Ավշարի ուշադրությունից։
«Վերջին շրջանում իմ ամենաշատ հավանած և ըստ իս` խարիզմատիկ դեմքը Արմինե Հարությունյանն է: Մի աշխարհում, որտեղ բոլորը նման են մեկը մյուսին, նա այնքան բնական և գեղեցիկ է, որ գրավում է ուշադրությունս»,- խոստովանել է Հյուլյան:
Մոդել Արմինե Հարությունյանը ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչատուր Ազիզյանի թոռնուհին է, հաջողությամբ հանդես եկավ Միլանում` Նորաձևության շաբաթ ցուցադրության շրջանակում ներկայացնելով «Gucci»-ի գարուն-ամառ 2020 –ի նմուշները։
Արմինեի լուսանկարներն արդեն զարդարել են բազմաթիվ հայտնի ամսագրերի շապիկները` սկսած Vogue-ից։ Պետք է նշել, որ Հարությունյանի անհավանական գեղեցկությունը հրաշալի ընդգծում է Gucci-ի ոճը և փայլուն արտացոլում է այս պատկերավոր իտալական նորաձևության տան ժամանակակից գեղեցկությունը:
Հիշեցնենք, որ Արմինեն համաշխարհային նորաձևության ցուցադրությանը մասնակցած առաջին հայաստանցի մոդելն է: «Gucci»-ն Արմինե Հարությունյանին ընտրել է 500 մոդելների շարքից: