Ում ցուցմունքով են դուրս եկել Ալիկ Սարգսյանի, Հայկ Հարությունյանի «հետքի վրա». «Ժողովուրդ»

Մարտի 1–ի գործով ցուցմունք տվողին ավելի մեղմ մեղադրանք է առաջադրվել` հաշվի առնելով ՀՔԾ–ին օժանդակելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Հովհաննես Թամամյանի ցուցմունքով է նախաքննական մարմինը կոնկրետ անձանց մեղադրանք առաջադրել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի գործով սեպտեմբերի 25-ին մեղադրանք առաջադրեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և հանցագործությունը պարտակելու համար: Թամամյանի ցուցմունքով է նախաքննական մարմինը դուրս եկել հետքի վրա ու կոնկրետ անձանց մեղադրանք առաջադրել»,–գրում է թերթը։

Ըստ օրաթերթի` այս քրգործում հիշատակվում են նաև Ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի, Հովհաննես Թամամյանի ու մի շարք այլ բարձրաստիճան ոստիկանների անունները: և, ըստ էության, հաշվի առնելով ՀՔԾ-ին օժանդակելը` Թամամյանին ավելի մեղմ մեղադրանք է առաջադրվել:

Մարտի 1-ի գործում նախկին պաշտոնյաների շրջանակն ընդարձակվում է. հայտնի է ևս մեկ անուն

Թամամյանն ինքը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի մեկնաբանել այս լուրերը` ասելով` իմ տեղը հարմար չէ… հետո`անջատելով հեռախոսը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և հանցագործությունը պարտակելու հոդվածներով։

Ըստ մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո 2008-ին ՀՀ նախագահի օգնականներ Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը պահանջել էին հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

Այդ հարցով հրավիրված խորհրդակցությունից հետո ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը և ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ձեռնամուխ են եղել Գևորգ Կոստանյանի և Գևորգ Մհերյանի ցուցումներն ու հանձնարարությունները կատարելուն:

Հիշեցնենք` սեպտեմբերի 23–ին, ժամը 23։50 ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին` գլխին հրազենային վնասվածքով:

Հայկն ուժեղ մարդ էր. Ալիկ Սարգսյանը` Հայկ Հարությունյանի ինքնասպանության վարկածի մասին