ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից և մեր կողմից նշում, որ սադրանքները անպատասխան չեն մնա, սակայն նիստից հետո»,–գրել է ՀՀ ՊՆ խոսնակը։
Ադրբեջանը բանակցային գործընթացը խաթարելու նպատակով գործի է դրել «առուծախի» փորձը. ՀՀ ԱԳՆ
Հիշեցնենք` Տավուշում երեկ գիշեր և այսօր վաղ առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում զինծառայող էր վիրավորվել։
Հոկտեմբերի 1-ին հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գործողությունների հետևանքով պայմանագրային զինծառայող էր վիրավորվել։ Նա ժամը 22։45–ին աջ ուսային շրջանի հրազենային բեկորային վնասվածքով տեղափոխվել էր Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից ավելի ուշ` զինվորական հոսպիտալ։
Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական կրակոցից Նոյեմբերյանում վիրավորվել էր ինժեներական աշխատանքներ կատարող տրակտորի վարորդը։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել կեսօրին։ Քաղաքացին վնասվածք էր ստացել որովայնի շրջանում։ Նրան տեղափոխել էին Նոյեմբերյանի հիվանդանոց։
Հոկտեմբերի 3-ին հայ-ադրբեջանական սահմանին Տավուշում հակառակորդի կրակոցից զոհվել էր պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։