Ախտորոշումը հաստատվել է. մանկահասակ երեխայի մոտ ՄԻԱՎ է հայտնաբերվել

Առողջապահության նախարարությունը հաստատել է լուրի ճշմարտացիությունը, փոքրիկի բուժման գործընթացը գտնվում է առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. «Մանկահասակ երեխայի մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել. նա վարակվել է հիվանդանոցո՞ւմ» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ դեպքի առնչությամբ նախարարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր: Երեխայի մոտ կրկնակի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հայաստանը կարող է դառնալ ՁԻԱՀ–ի կանխարգելման տարածաշրջանային կենտրոն. դեսպան

«Որոշում է կայացվել ախտորոշման հաստատման նպատակով իրականացնել արյան կրկնակի հետազոտություններ` մի քանի մեթոդներով: Ցավոք, ախտորոշումը հաստատվել է».- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվել է կոնսիլիում` առաջատար մասնագետների ներգրավմամբ, այդ թվում` արտերկրից ժամանած, հիվանդության վարման և դեղորայքային բուժմանն աջակցելու նպատակով:

Այս պահին երեխայի մոտ դիտվում է դրական շարժընթաց: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի հանրապետական կանխարգելման կենտրոնի մասնագետները սկսել են հակառետրովիրուսյաին բուժումը, ինչի շնորհիվ ներկայումս բավարար արդյունքներ են արձանագրում:

Եվրոպացու համար լավ է, հայերին նեղում է. պահպանակ արտադրող բելառուսցին` նոր շուկայի մասին

Փոքրիկի բուժման գործընթացը գտնվում է առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:

Ինչ վերաբերում է վարակի աղբյուրին կամ պատճառների վերհանմանը, դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում:

Պայքար ՁԻԱՀ–ի դեմ. ո՞ր մարզում է իրավիճակն առավել ողբալի

Միաժամանակ, նախարարությունն իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն` հասկանալու վարակի փոխանցման հնարավոր աղբյուրները` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով: