Մանվել Գրիգորյանի պաշտպանները պարզաբանում են ուզել փորձագետներից, որոնք պնդում են, որ նման վիճակում Մանվել Գրիգորյանը կարող է մասնակցել նիստերին կողմնակի անձանց օգնությամբ, բժշկի ներկայությամբ և համապատասխան սարքերի առկայության դեպքում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։
«Այն, ինչ կա փորձաքննության եզրակացության մեջ, նշանակում է, որ անգամ վերակենդանացման ենթակա հիվանդը կարող է մասնակցել նիստերին»,- ասում է Մկրտչյանը:
Անդրադառնալով այն տեսակետին, որ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները և դրանց բարդությունների աստիճանները ներառված չեն ՀՀ կառավարության 2006–ի մայիսի 26-ի որոշման 2-րդ հավելվածով նախատեսված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում, պաշտպանը նշեց, որ դա նույնպես պարզաբանման կարիք ունի, և պաշտպանական կողմն արդեն հանդես է եկել համապատասխան միջնորդությամբ, որովհետև նման փորձաքննական եզրակացություն վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ է հանդիպում:
«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ անփոփոխ ծանր»,– ասաց պաշտպանը։
Ինձ մտահոգում է Մանվել Գրիգորյանի կարգավիճակը. Դավիթ Տոնոյան
Հայտնի է, որ փորձաքննական հանձնախմբի 6 անդամները ստորագրել էին եզրակացության տակ, բացի Մանվել Գրիգորյանին ժամանակին բուժող ֆրանսիաբնակ բժշկից` Նորբերտ Ավետյանից։ Այդ կապակցությամբ Մկրտչյանը հայտնեց, որ դա եղել է զուտ տեխնիկական պատճառով, և մոտ օրերս ստորագրված փաստաթուղթը համապատասխան թարգմանությամբ կներկայացվի դատարանին: Բացի այդ, Նորբերտ Ավետյանը գրել է երկու զեկույց, որոնք համարվում են փորձաքննական հանձնախմբի եզրակացության անբաժանելի մաս հանդիսացող փաստաթղթեր և նույնպես գտնվում են դատարանի տիրապետության տակ:
Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր ներկայացրեց Գրիգորյանի առողջական վիճակն ուսումնասիրող հանձնախմբի եզրակացության արդյունքները։ Նա նշեց, որ հանձնաժողովի եզրակացության համաձայն` Մանվել Գրիգորյանի մոտ հիվանդությունների բացասական դինամիկա կա։ Գրիգորյանի հիվանդությունները, մասնավորապես, շաքարային դիաբետի դեկոմպենսացիան հաշվի առնելով (ապահավասարակշռումը)` կարող են նրա կյանքին վտանգ սպառնացող ռիսկեր պարունակել։ Սակայն համապատասխան բուժման և սննդի միջոցով, ամենայն հավանականությամբ, կարող է վիճակը դեկոմպենսացիայից կոմպենսացիայի անցնել և նվազագույնի հասցնել նրա կյանքին սպառնացող վտանգը։ Նա նշեց, որ ըստ հանձնաժողովի` Գրիգորյանը կարող է բուժում ստանալ Երևանի հիվանդանոցներում, իսկ ՔԿՀ հիվանդանոցներում կարող է բուժվել միայն համապատասխան պայմանների ապահովման դեպքում։ Հանձնաժողովը նաև հայտնել է, որ Գրիգորյանի ներկայիս վիճակը չի խանգարում, որ նա մասնակցի դատական նիստերին։
Մանվել Գրիգորյանը հետ է ուզում իր խանութները. պաշտպանները միջնորդություն են ներկայացրել
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2018թ.–ի հունիսի 19-ին։