«Հրայր Թովմասյանը նախորդ իշխանության վերջին բաստիոնն է». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը համոզված է, որ ՍԴ նախագահն ու դատական իշխանության որոշ այլ ներկայացուցիչներ նշանակվել են նախկին իշխանությանը սպասարկելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ու դատական իշխանության որոշ ներկայացուցիչներ մնացել են նախկին իշխանության վերջին բաստիոնը։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Նրանք նշանակվել են, որպեսզի սպասարկեն այդ իշխանությանը»,– ասաց Սիմոնյանը` հավելելով, որ Հրայր Թովմասյանի նշանակման օրինականության հետ կապված լուրջ հարցեր կան, որոնց շուրջ իրավական գործընթաց է ընթանում։

Ինչ վերաբերում է հարուցված քրեական գործին ու նախաքննության ընթացքում ի հայտ եկած փաստերին, Սիմոնյանը հրաժարվեց մեկնաբանել դրանք` իրավական գործընթացի պատճառաբանությամբ։

Հրայր Թովմասյանը չարաշահե՞լ է պաշտոնեական լիազորությունները

Ի դեպ, այսօր Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Հրայր Թովմասյանն արդարադատության նախարարի պաշտոնում չարաշահել է պաշտոնեական լիազորությունները` փաստացի ձեռք բերելով Երևանի քաղաքապետարանի կազմակերպած աճուրդում վաճառվող, Բաղրամյան փողոցում գտնվող նոտարական գրասենյակի տարածքը։

Նշենք, որ մինչ այդ տարածքին ապօրինի տիրանալու համար մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին` ԱՆ օրինականության վերահսկողության վարչության նախկին պետ Նորայր Փանոսյանին։

Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չկա. Բադասյան

Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին ԱԱԾ էին կանչվել Հրայր Թովմասյանի հարազատները: Հոկտեմբերի 18-ին ԱԱԾ-ն Թովմասյանի հոր և դուստրերի հարցաքննության որոշ մանրամասներ էր ներկայացրել:

Հրայր Թովմասյանը մեկնել է Մոսկվա և հեռախոսազանգերին չի պատասխանում. ԱԱԾ

Նշվում էր, որ խնդիրը կապված է 2012-2014 թթ. ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնված Երևան քաղաքի Զաքյան փողոցի համար 2 հասցով շենքի՝ շուրջ 855 մլն դրամ արժեքով վերակառուցման, ինչպես նաև Աբովյան ՔԿՀ և Սարի թաղում գտնվող միջնակարգ դպրոցի շուրջ 15 մլն դրամ արժեքով վերանորոգման ընթացքում թույլ տրված առերևույթ յուրացումներին։

Հենց այդ շրջանակում էլ ԱԱԾ–ն փորձել է հետազոտել Թովմասյաններին պատկանող առանձնատան տանիքը, բայց Թովմասյանի հայրը մերժել է:

Իսկ ԱԱԾ աշխատակիները Վարդան Թովմասյանի առանձնատուն են այցելել, քանի որ նա գերադասել է իր տանը բացատրություն տալ։ Բայց հընթացս նա փոխել է միտքն ու նախընտրել է բացատրություն տալ ՀՀ ԱԱԾ շենքում՝ իր փաստաբանների ներկայությամբ: