«Իրավապահները պետք է զգուշավորություն ցուցաբերեն». Բադասյանը` Բաբլոյանի գործի մասին

Ռուստամ Բադասյանը նշել է, որ Բաբլոյանի գործով ցանկացած բան, որն այս փուլում համարվում է պարզված, կարող է փոխվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Իրավապահ մարմինները պետք է  զգուշավորություն ու շրջահայացություն ցուցաբերեն նուրբ հարցեր քննելիս, որովհետև դրանք կարող են այս կամ այն կերպ մեկնաբանվել։ Լրագրողների հետ զրույցում  նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով ԱԺ նախկին նախագահ  Արա Բաբլոյանի հայտարարությանը, որ իրեն վիրահատությունից կտրել, տարել են հարցաքննության։

Արա Բաբլոյանին էլ մեղադրանք առաջադրվեց. նա պատրաստվում է ապացուցել, որ արդար է

Հայտնել էինք, որ Հայաստանում առաջին անգամ տեղի էր ունեցել երեխայի լյարդի փոխպատվաստում, որին պետք է մասնակցեր Բաբլոյանը։ Հենց այս վիրահատության ժամանակ էլ Բաբլոյանին կանչել են հարցաքննության։ Հարցաքննությունից հետո, սակայն, Բաբլոյանը վերադարձել և մասնակցել է վիրահատությանը։

«Ցանկացած կասկած հանցագործության հետ կապված պետք է ենթարկվի պատշաճ քննության։ Սակայն նման նուրբ հարցերի դեպքում իրավապահ մարմինները պետք է բավարար զգուշավորություն ու շրջահայացություն ցուցաբերեն, որովհետև դա կարող է այս կամ այն կերպ մեկնաբանվել»,–ասաց նախարարը։

Նախարարը նշեց, որ որևէ  այլ մեկնաբանություն այս գործով չի կարող տալ, քանի որ քննություն է ընթանում։

Հարցին, թե հավատո՞ւմ է Բաբլոյանի պնդումներին, որ որևէ հարցում մեղավոր չէ` նախարարը պատասխանեց, որ պետք է սպասել  քննության ավարտին։

«Ցանկացած բան, որն այս փուլում համարվում է պարզված, կարող է փոխվել։ Հավատալ–չհավատալու խնդիր չկա։ Պետք է հետևենք հետագա հաղորդագրություններին»,–ասաց նա։

«Նաիրի Հունանյանին տեսակցելու ոչ մի ցանկություն չունեմ». նախարար

Հիշեցնենք, որ Բաբլոյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ էր ներգրավվել` իշխանությունը յուրացնելու կասկածանքով։

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2018–ի մարտի 1-ի դրությամբ, երբ 2015–ի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուն մնացել էր շուրջ 40 օր, մի խումբ պաշտոնատար անձինք այդ պաշտոնում իրենց թիմակցին մինչև 70 տարին լրանալը պաշտոնավարելու հնարավորություն ընձեռելու նպատակով, Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ, զավթել են իշխանությունը՝ Հրայր Թովմասյանին 2018–ի մարտի 21-ին նշանակելով ՍԴ նախագահ։

«ՀՔԾ–ում բոլոր հարցերին հստակ պատասխանել եմ». Արա Բաբլոյանին մեղադրանք չի առաջադրվել

Քանի որ ՍԴ–ի այն ժամանակվա նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավորման ժամկետը (70 տարին) լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, նա 2018 թվականի մարտի 21-ով ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում է ստորագրել։

Բաբլոյանին երեկ մեղադրանք էր առաջադրվել 2 հոդվածով` իշխանության յուրացում և պաշտոնական կեղծիք։