«5 րոպե Դուլյանի հետ». Հայաստանյան իրականության կանխատեսելին և անկանխատեսելին

Եկեք անկեղծ լինենք։ Այսօր՝ Թավշյա հեղափոխությունից մոտ 1.5 տարի անց, մի կողմից սկսում են իրականանալ նախկինում արված կանխատեսումները, բայց մյուս կողմից՝ իրականությունն ավելի ու ավելի անկանխատեսելի է դառնում ու շատ դժվար է ասել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները։
Sputnik

Նախ՝ իրականացած կանխատեսումների մասին։ Դեռ այն ժամանակ, երբ երիտասարդ հեղափոխանները կուռ թիմ էին կազմում, որոշ վերլուծաբաններ ասում էին, որ այդ միասնությունը երկար չի տևի և կսկսվի պառակտումը։ Հենց դա էլ հիմա տեսնում ենք։ Հրաժարականներ, որոնք ակնհայտորեն վկայում են այն մասին, որ թիմում ներքին տարաձայնություններ կան, որոնց պատճառով որոշ պաշտոնյաներ պարզապես դուրս են մղվում։ Մյուս կողմից՝ փոխադարձ մեղադրանքներ, ինչպես, օրինակ, եղավ երկուշաբթի օրը, երբ վերահսկիչ մարմնի նախկին ղեկավարը, որին դատարանը չվերականգնեց իր պաշտոնում, սկսեց բացահայտ խոսել առողջապահության նախարարի և խորհրդարանի փոխխոսնակի դեմ։

«5 րոպե Դուլյանի հետ». Հայաստանյան իրականության կանխատեսելին և անկանխատեսելին
Հիմա անկանխատեսելիի մասին։ Համաձայնեք, այն ինչ կատարվեց այսօր, աննախադեպ էր։

Վերլուծական կենտրոններից մեկը մի քննարկում էր կազմակերպել, և այդ կենտրոնի ղեկավարը նախօրոք հայտարարել էր, թե այսինչ լրատվամիջոցների մուտքը չի թույլատրվի։

Երկարամյա լրագրողական աշխատանքիս ընթացքում շատ բան եմ տեսել. հիշում եմ, մի անգամ մեր արտգործնախարարությունը իմ գործընկերներից մեկին զրկել են հավատարմագրումից: Ուրիշ դեպքեր էլ են եղել՝ նախագահականի աշխատակազմը խտրական մոտեցում էր ցուցաբերում և երկրի ղեկավարների ուղևորությունները լուսաբանելու իրավունքից զրկում որոշ լրատվամիջոցների թղթակիցներին։ Բայց նման բաներ ամենադեմոկրատական երկրներում էլ են պատահում՝ տեսեք, թեկուզ, թե ինչեր է անում Դոնալդ Թրամփը։ Սակայն լրատվամիջոցների նկատմամբ նման վերաբերմունք վերլուծական կենտրոնի կողմից՝ համաձայնեք, սա արդեն արտառոց բան է։

Կան բաց քննարկումներ, որոնց կարող են ներկա լինել բոլոր լրատվաջիջոցները։ Կան փակ քննարկումներ, որոնց ընդհանրապես որևէ լրատվամիջոցի ներկայացուցիչ իրավունք չունի մասնակցել։ Բայց ինչ է նշանակում՝ կիսաբաց քննարկում։

Հիմա կանխատեսելի անկանխատեսելիի մասին։ Նկատել եք երևի, որ երբ մարդը որևէ հարցում շարունակում է համառել, բարդություններ է ստեղծում նաև ուրիշների համար։ Հեռու չգնանք, հիշենք, թե ինչու տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը։ Մի մարդու համառության պատճառով։

Այդ մարդը ժամանակին հրապարակայնորեն հայտարարել էր, թե վարչապետ դառնալու մտադրություն չունի, բայց ի վերջո դարձավ և հանրությունն ընդվզեց դրա դեմ։ Թե ինչ եղավ հետո, բոլորս շատ լավ գիտենք։

Այդ մարդը ոչ միայն ստիպված եղավ հրաժարական տալ, այլ նրա հրաժարականը բացասական հետևանքներ ունեցավ շատերի համար, այդ թվում նրա հարազատների, այդ հարազատների հարազատների։ Կուսակցությունը, որը նա գլխավորում էր, կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը, վաղաժամկետ ընտրություններում ընդհանրապես պառլամենտից դուրս մնաց։ Եվ համաձայնեք, հիմա շատ դժվար է ասել՝ այդ կուսակցությունն ընդհանրապես գոյություն ունի՞, թե մնացել է ընդամենը երեք-չորս հոգի, որոնք ակտիվություն են ցուցաբերում սոցիալական ցանցերում ու խստորեն քննադատում նոր իշխանություններին։
Հաշվի առնելով մի մարդու համառության այդ հետևանքները, երևի կարելի էր կանխատեսել նաև, թե ինչ տեղի կունենա, եթե շարունակի համառել Սահմանադրական դատարանի նախագահը։

ԵԺԿ–ին մտահոգել է Հրայր Թովմասյանի և ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակը

Եթե նա ժամանակին հրաժարական տար, ինչպես արեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, հիմա հաստատ կշարունակեր հեռարձակվել նրա քրոջ հեռուստահաղորդումը, կալանքի տակ չէր լինի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը, մեղադրանք չէր առաջադրվի խորհրդարանի նախկին խոսնակին, վերջապես իրավապահները պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք չէին ներկայացնի հենց իրեն՝ Սահմանադրական դատարանի նախագահին։

Ինչ եք կարծում՝ ընդհանրապես սա լա՞վ է, թե՞ վատ, որ եթե դու չես համառում ու շատ արագ տեղի ես տալիս, իշխանություններն էլ չեն սկսում, ինչպես ժողովուրդն է ասում, բզբզել ու բացասական պահեր փնտրել քո և քո շրջապատի անցյալում։ Համաձայնեք, հետաքրքիր հարց է, որի շուրջ արժե մտածել հայաստանյան այսօրվա իրականությունը մինչև վերջ հասկանալու համար։